Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի երկխոսության առաջմղմանը․ Փաշինյան

Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի երկխոսության առաջմղմանը․ Փաշինյան

Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին։ Այս մասին Ekathimerini-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ նվազ ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ «Բացի այդ, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության սրացմանը, այլ կնպաստի երկխոսության և համագործակցության խթանմանը»,- նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն «ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը»։

«Այս գործընթացի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Ուստի իրոք հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,- ընդգծել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ «հնարավոր է հաղթահարել տարաձայնություններն ու ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ»։