Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել, Ովքեր են «փրկելու» ՔՊ-ին առաջիկայում․ Մամուլը՝ սուրճով

Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել, Ովքեր են «փրկելու» ՔՊ-ին առաջիկայում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու նպատակով:

Միայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ՆԳՆ-ից տեղեկացնում են. «ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով՝ պարգեւատրում են ստացել ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողները (աշխատողները)։ Պարգեւատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, այն է՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգեւատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից եւ (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:

Վերը նշված տերմիններով լեցուն այս տեքստից կարելի է ենթադրել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կամ այս պարագայում Արթուր Խուդինյանը կարող են պարգեւատրել բոլոր այն ծառայողներին, որոնք իրենց աշխատանքը որակյալ են կատարել: Չանդրադառնալով այն հարցին, որ նրանք պարտավոր են որակյալ աշխատանք կատարել, միանգամից անդրադառնանք այն կետին, որ մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ պարգեւներ ստացել են բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ ՆԳՆ-ում անխտիր բոլորը պարգեւավճարի արժանի գործեր են կատարում այն պարագայում, երբ հասարակությունը բողոքում է, օրինակ, պարեկների ոչ պատշաճ պահվածքից, ոստիկանները ցույցերի ժամանակ անօրինական բերման են ենթարկում քաղաքացիներին: Թե ինչու են բոլորը ստացել պարգեւավճար, իսկ ՀՀ ոստիկանական ակադեմիա դասընթացների՝ վերապատրաստման ուղարկված աշխատակիցները՝ ոչ, «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ կհրապարակի:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին առաջիկա հինգ տարիներին լուրջ փորձություններ են սպասվում, չնայած իշխանական ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիային հաջողվեց` չունենալով մեծամասնություն, քաղաքապետ ընտրել, սակայն Երեւանի ավագանիում կարեւորագույն փաստաթղթերի մեծ մասը, ինչպիսին, օրինակ, բյուջեի ընդունումն է, պետք է տեղի ունենա 33 ձայնով:

Կան որոշ դեպքեր, երբ ձայների 2/3-ն է պահանջվում՝ 44 ձայն: Մինչդեռ կոալիցիան ունի ընդամենը 32 ձայն։ Եվ եթե հավատանք «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հավաստիացումներին, որ իրենք չեն ծախվել, գործարքի չեն գնացել ՔՊ-ի հետ, ապա առաջիկայում Երեւանում կառավարման ճգնաժամ է ծագելու:

Օրինակ՝ օրենքն ասում է, որ «Համայնքի բյուջեում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ... այն փոփոխությունները եւ (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ եւ ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»:

Կամ. «Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երեւանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Ով կամ ովքեր են «փրկելու» ՔՊ-ին՝ կերեւա առաջիկայում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես Նիկոլ Փաշինյանի թելը թելող Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի խորհրդարանը, որը փաստացի այս պահին լուծարված չէ, արտահերթ նիստ չի հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց բարձրացնում: Վերջինս ասաց, որ արտահերթ նիստ ցանկացած պահի կարելի է հրավիրել, դա արդեն ԱԺ աշխատակազմի խնդիրն է եւ այն անձնավորության, որը փոխարինում է ԱԺ նախագահին:

«Ես օրեր առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել եւ առաջարկել էի ստեղծել ժամանակավոր կառավարություն, հնարավորություն ընձեռել այդ կառավարությանը, որպեսզի տեղահանված արցախցիներով զբաղվի, այսպես կոչված՝ վտարանդի կառավարություն: Իմ առաջարկը, սակայն, արձագանք չի գտել, չգիտեմ՝ ինչու: Մենք փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում եւ նախապատրաստական աշխատանքներ տանել, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե պատգամավորների մեծ մասի համար այս հարցն այժմեական չէ»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որն ապօրինի գերեվարման մեջ է գտնվում այս օրերին, փոխարինում է նրա տեղակալը՝ Գագիկ Բաղունցը, որը նույնպես «Միասնական հայրենիք»-ից է:

Մարսել Պետրոսյանին հարցրինք՝ իր թիմակցից հետաքրքրվել է արդյոք՝ ինչու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ես չեմ կարող ասել՝ ինչու. պարոն Բաղունցի հետ խոսակցություն չեմ ունեցել: «Միասնական հայրենիք» կուսակցության համար անհասկանալի պատճառներով պագամավորները չեն ցանկանում արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել ստեղծված իրավիճակը, գոնե վերաբերմունք ցուցադրել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծմանը»:

Ստացվում է՝ իրենք ցանկանում են, մյուս պատգամավորները համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին. «Չեմ կարող ասել՝ համաձայն են, թե ոչ. համենայնդեպս, առայսօր քայլ չեմ տեսել նրանց կողմից: Ես առաջարկել եմ՝ հավաքվենք, խոսենք, օրակարգ սահմանենք, թե որոնք են այս պահի դրությամբ առաջնային խնդիրները՝ համագործակցելով թեկուզ Հայաստանի իշխանությունների, շահագրգիռ քաղաքական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների հետ»:

Իսկ թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, որի վարած քաղաքականության հետեւանքով է այսօր Արցախը կորսված, Պետրոսյանն ասաց. «Գիտեք, բոլորի հետ պետք է համագործակցել. եթե մենք ունենք օրակարգ եւ այդ օրակարգով ենք շարժվում, ուրեմն պարտավոր ենք շփվել բոլորի հետ: Համագործակցել չի նշանակում լուռ լսել, թե մեզ ով ինչ է ասում: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են այդ օրակարգով շարժվում եւ աջակցում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տեւական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը:

Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, եւ եվրոպական կառույցներն ուշիուշով հետեւում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, եւ դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը տեւական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ եւ առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում։ Ճարպիկ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել․ վերեւից ասել են` ռիսկային է, Արեւմուտքը կիմանա` կզայրանա»: