Բանակցություններ՝ սահմռկեցուցիչ տեսանյութերի ֆոնին

Երեկ ուշ գիշերին Ժնևում ավարտվել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Դրանց մասին, նախ, պաշտոնական տեղեկատվություն տարածեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, ու թեև դժվար է գնահատել դրա օբյեկտիվությունը, բայց եթե հիմք ընդունենք այդ աղբյուրը, ապա բանակցություններն ընթացել են Բաքվի առաջարկած հինգ կետերի շուրջ:
Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ նախարարները, կարծես, պայմանավորվել են շարունակել քննարկումները, աշխուժացնել դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներն, ինչը գոնե տեսական հույսեր է ծնում, թե հնարավոր կլինի խուսափել ռազմական նոր էսկալացիայից:
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը շատերի մոտ լավատեսություն չի ներշնչում, որովհետև միջնորդական հարթակների մրցակցությունը միայն նոր լարվածություն ու ռիսկեր է առաջացնում տարածաշրջանում:
Արդյո՞ք Արևմուտքին կհաջողվի Բաքվին համոզել, որ նրա հավակնությունները կարող են բավարարվել բանակցային գործընթացում, թե՞ Բաքուն կգնա նոր ագրեսիայի, մանավանդ, որ արևմտյան մայրաքաղաքներից չեն հնչում ռազմական միջամտության կամ տնտեսական պատժամիջոցների ազդակներ:
Այս հարցը, գոնե այս պահին, միանշանակ պատասխան չունի:
Սոցիալական ցանցերում երեկ տարածվել են սահմռկեցուցիչ կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները դաժանաբար սպանում գերեվարված հայ զինծառայողներին: Նշվում է, որ պատերազմական այս հանցագործությունը տեղի է ունեցել վերջին էսկալացիայի ժամանակ՝ սեպտեմբերի 13-14-ին, մեր իսկ տարածքում:
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ. ըստ ամենայնի, հայ ռազմագերիներին մահապատժի են ենթարկում: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»,- երեկ ասել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նման օպերատիվ արձագանքն, անշուշտ, ողջունելի է, սակայն արդյո՞ք Բրյուսելը խոսքից գործի կանցնի, մանավանդ, եթե ընդամենը երկու օր առաջ եվրոպական մի քանի առաջնորդներ Սոֆիայի էներգետիկ հավաքի ժամանակ մեծարում էին իրենց «վստահելի գործընկեր» Ալիևին:
Մյուս կողմից, հնարավո՞ր է, որ ադրբեջանական վայրագությունները պատկերող տեսանյութը միտումնավոր է երեկ տարածվել՝ բանակցային գործընթացը վիժեցնելու նպատակով:
Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ...
Վահրամ Բագրատյան