Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են խաղաղությունից․ ո՛չ Գյումրի-Կարս երկաթգիծն է բացվելու, ո՛չ էլ Մարգարայի անցակետը

«Այդպես սկսվեց նաև վերջին պատերազմը։ Նախքան ռազմական գործողությունը, Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերով հերթապահում էր Արցախի երնքում, հետևում զորքի ու տեխնիկայի շարժին։ Պարզ է, չէ՞, որ հիմա թշնամին օգտվում է մեր զիջողական վիճակից ու ավելի ամրապնդում իր դիրքերը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հասարակական գործիչ Արթուր Հայրապետյանը` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը հսկում էին Հայաստանի տարածքը՝ Արարատ լեռան հյուսիսային կողմից։
«Հետո կսկսեն մեղադրել, թե Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողությունների, քանի որ տեխնիկայի շարժ կա կամ դիրքերում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում։ Դրանից հետո էլ ի լուր աշխարհի կհայտարարեն, թե՝ հակաահաբեկչական գործողություն ենք սկսում, կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգը։ Որպես մեկը, ով շատ ավելի լավ է հասկանում մեր թշնամու լեզուն, ասում եմ՝ խաղաղություն չի՛ լինելու, քանի դեռ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով պատերազմում տանուլ տալուց հետո՝ նույն թշնամուց խաղաղություն է խնդրում»,- ասաց նա։
Հայաստանի սահմանի երկայնքով ադրբեջանական դիրքերի ամրապնդումներն, ըստ Հայրապետյանի, նոր էսկալացիայի հիմք են։ Ու քանի դեռ հայկական կողմից որևէ արձագանք չկա՝ Ալիևը ձեռքերն ավելի է երկարացնելու։
«Իրենց քաղաքական թիմը հրաշալի պատրաստված է։ Բոլոր դեպքերում իրենք ունեն իրենց պլան B-ն։ Տեսեք, հիմա էլ Արցախում ծառայած, պատերազմին մասնակցած զինվորականներն ու կամավորներն են թիրախում։ Չեն լռելու, մինչև չհասնեն իրենց ուզածին։ Վախենամ՝ հանուն «խաղաղության» շուրջ 100 հազար հայ մարդ հայտնվի ադրբեջանական բանտերում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, որ Տավուշում արդեն հստակեցվել ու ամրագրվել է պետական սահմանը, ու սա կարևորագույն գործընթաց է խաղաղություն հասնելու ճանապարհին, ազատամարտիկն ասաց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացն ընդամենը ցուցադրական ներկայացում է։
«Նույնիսկ Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը՝ շոուի կարևոր մաս է։ Ո՛չ Գյումրի-Կարս երկաթգիծն է բացվելու, ո՛չ էլ Մարգարայի անցակետը, առավել ևս Անիի կամուրջը, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են խաղաղությունից, որն այդպես էլ չի՛ լինելու»,- հավելեց Արթուր Հայրապետյանը։
Հունան Թադևոսյան