Ադրբեջանի հետ սահմանի 12 կմ-անոց հատվածի պահպանությունը կստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը. Փաշինյան
Կառավարության նախորդ նիստին ներկայացրի, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։
«Եվ ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձման ժամանակ որոշակի խնդիրներ էին առաջացել, որի մասին հայտնել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում»,-ընդգծեց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս ամենից հետո պայմանավորվածություն էր ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։
«Այս ընթացքում, սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Մեր տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ամփոփեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում