Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան և Վրաստան

ՀՀ-ն ցանկանում  է ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները մեր հարևան Վրաստանի հետ։ Անկախությունից ի վեր՝ Վրաստանի հետ բարիդրացիական և գործընկերային  հարաբերությունների զարգացումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Այդ մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

 «Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում»,- ներկայացրեց նա։

Իսկ այս նախագծով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու, դուրս գալու մյուս կողմի պետության տարածք՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած 180 օրվա ընթացքում` 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով:

Ավելին, ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստան մեկնել  նույնականացման քարտերով:

Մանրամասները՝ տեսանյութում։