ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը

Մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Դեսպանը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արմեն Պապիկյանը նշել է, որ շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք: