«Անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից. Արման Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարություններին.
«Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը«վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են:
Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը պատմական հայկական գյուղեր են, եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ: Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից»:
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մասնավորապես անդրադառնալով Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի(Քյարքիի) վերադարձի հարցին՝ նշել է, թե գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։ Ըստ Խալաֆովի՝ այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում։