ՄԻՊ-ը դիմել է ԱԺ-ին՝ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու հիմնավորվածությունը պարզելու նպատակով

ՄԻՊ-ը դիմել է ԱԺ-ին՝ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու հիմնավորվածությունը պարզելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած դեպքի առնչությամբ նոյեմբերի 4-ին սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը:

Նա տեղեկացրեց, որ գրություն է հասցեագրվել Ազգային ժողով՝  դեպքի հանգամանքները, այդ թվում՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմնավորվածությունը պարզելու նպատակով:

Պաշտպանը սկզբունքորեն անթույլատրելի է համարում վիրավորանքի և ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում կողմից է արվում կամ ում է ուղղված:

«Նման երևույթները լուրջ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և խաթարում են հասարակությունում համերաշխությունը։  

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում պետական մարմինների և լրագրողական համայնքի միջև պատշաճ հարաբերությունների առկայությունն ու ամրապնդումը, ինչը բացառիկ կարևորություն ունի տեղեկատվություն ստանալու հանրային պահանջի բավարարման տեսանկյունից»,- ասաց Ասլանյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, թե ի՞նչ է տեղի ունեցել ԱԺ միջանցքում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև: Նախօրեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտեց Ալեն Սիմոնյանի վարքագիծը և հորդորեց ՔՊ վարչությանը քննության առարկա դարձնել նրա պահվածքը: 

Ալեն Սիոմնյանին դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել նաև մի շարք ՀԿ-ներ: