Արևի տակ ապուրը տաքացրեցի, բալիկիս այդպես կերակրեցի… իմ մեջ կռիվ է՝ ելք չունենք. արցախցի

Ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ չեն հանձնվում, շարունակում են պայքարել ու երեխաներ ունենալ, դժվարությամբ մեծացնել, դաստիարակել։
27-ամյա Արմինե Մանասյանը 7 ամսական հղի է, առաջնեկը 1․9 տարեկան է: Արմինեն MediaHub-ին պատմեց, որ այն դժվարությունները, որոնք ամուսնու հետ են տեսնում, նկարագրելու չեն, քանի որ անասելի բարդ է շրջափակման մեջ ապահովել երեխաների անհոգ ու առողջ մեծանալը։
«Հացի խնդիր ունենք, մի 15-20 րոպե առաջ եմ գնացել, հերթ կանգնել, երկու հաց վերցրել ու տուն եկել։ Ջրի պակաս էլ կա, մի քանի թաղամասերում ընդհանրապես ջուր չկա, մենք դեռ ունենք։ Երեխայիս մեծացնելը հեշտ չէ, լույս չենք ունենում ու երեկ էլ, երբ գրաֆիկով էլեկտրաէներգիան ապահովվեց, տան գործերն արեցի ու էլի հոսանքն անջատվեց, չհասցրի բալիկիս համար կերակուր պատրաստել, բարեկամիս տուն գնացի, ինքն էլ ապուր ուներ պատրաստված, արևի տակ դրեցինք, ապուրը տաքացավ, բալիկիս այդպես կերակրեցի։ Ուտող երեխա չէ, բարդությունների հաճախ ենք բախվում ու ես էլ հղի եմ, այդ ամենն անդրադառնում է նաև առողջությանս վրա, երեկ էլ Ստեփանակերտի այդ տապին որովայնիս հատվածում ցավեր առաջացած, բժշկիս հետ խոսեցի, բայց տրանսպորտ չկար, որ նրան այցելեի, հեռախոսով կոնսուլտացիա արեցինք, դեղ նշանակեց։ Մտածում էի, թե դեղը ոնց եմ ճարելու, հետո, լավ է՝ նախորդ հղիությունիցս մնացել էր նույն դեղից ու բախտս բերեց, որ ժամկետի մեջ էր, խմեցի ու անցավ»,-ասաց Արմինեն։
Նրա երկրորդ երեխան հոկտեմբերին է ծնվելու, բայց հույսն այնքան փոքր է, որ այդ ժամանակ շրջափակումից դուրս եկած կլինեն.
«Առաջին բալիկիս կեսարյան հատումով եմ ունեցել, դեկտեմբերին, երբ շրջափակումը սկսվեց, այդ ժամանակ կաթնախառնուրդով էր սնվում ու բոլոր դեղատներում այն պակասում էր, վախենում էի, որ էլ չեմ գտնի, ամեն քաղաքներից խնդրում էի, որ ուղարկեն: Մեկ ամիս կերավ, հետո ոնց որ զգաց՝ էլ չի լինելու, ինքն իրեն հրաժարվեց ու սկսեց ապուրներ ուտել։ Երբ հղիացա, վախերս շատ էին, բայց ասացի՝ եթե Աստված տվել է, ուրեմն կպահի։ Իրականում, սկզբում չէինք պատկերացնում, որ այսքան երկար կտևի, բայց հիմա լիակատար շրջափակում է, նույնիսկ մեր ծնողները գյուղից բանջարեղեն չեն կարողանում ուղարկել, վառելիք չկա, Ստեփանակերտում էլ գրեթե ոչինչ չկա։ Առողջական խնդիրներ ունեմ, սկզբում բախտս այնքանով էր բերել, որ իմ անալիզները Երևան էինք ուղարկում ու պատասխանը չէր ուշանում, հիմա սա էլ է անհնար, Ստեփանակերտում էլ անալիզ չեն վերցնում՝ նյութերի բացակայության պատճառով»,-պատմեց արցախցի կինը։
Ասում է՝ այս ամսվանից այցերն ավելի հաճախ պետք է լինեն ծննդատուն, բայց տրանսպորտի բացակայության պատճառով չի կարող գնալ։
Արցախում տիրող իրավիճակի մասին խոսելիս՝ Արմինեն նշեց, որ ամեն ինչ փակ է ու հանրության համար ոչինչ հասանելի չէ։
«Միայն հույս են տալիս, բայց թե որքանով լավ կլինի, մենք չգիտենք։ Այս ընթացքում որքան ցույցեր են եղել, ես մասնակցել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ արցախցի մայրերն էին ակցիա անում, ես փոքրիկիս գրկած, հղի վիճակով մասնակցում էի երթին, կարծում էի, որ կյանքի ճանապարհը բացել կլինի… արդեն դժոխային է այս ամենը, հոգեբանորեն մենք ճնշված են։ Ամուսինս հաշվապահ է, կարի արտադրամասում է աշխատում, բայց այս աշխատանքը կորցնելը շատ հավանական է, քանի որ անհրաժեշտ պարագաներն էլ են վերջանում»,-ասաց Արմինեն ու հավելեց, որ հարազատներին ինքն է հույս տալիս, բայց իր մեջ կռիվ է, որ ելք չունեն։
Լիաննա Թորոսյան