Հայաստանում  իրացվում է 2000-ից էլ պակաս դեղ, մինչդեռ անհրաժեշտ է 7-8 հազար անվանում

Հայաստանում  իրացվում է 2000-ից էլ պակաս դեղ, մինչդեռ անհրաժեշտ է 7-8 հազար անվանում

Հայաստանին անհրաժեշտ է 7-8000 անվանում դեղ, մինչդեռ գրանցված է մոտ 3000-ը, իսկ իրացվում է իրականում 2000-ից էլ պակաս։ Այս մասին  «Իրազեկ սպառող» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը:

Նա համեմատեց հարևան  Վրաստանի հետ, որտեղ  գրանցված է 11 000 անվանում դեղ։ Ըստ բանախոսի՝ պատճառը Առողջապահության նախարարության կողմից վարվող  սխալ քաղաքականությունն է։ Խաչատրյանի կարծիքով՝ ինչպես գների բարձր լինելը, այնպես էլ չգրանցված դեղերի վաճառքը պայմանավորված է հենց այդ դեֆիցիտով։ Հայաստանում դեղերը ներմուծվում են հիմնականում փաստաթղթային ուսումնասիրությամբ, համենայն դեպս նախարարությունը խուսափում է տեղեկություն  տրամադրել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ։

MediaHub-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, հաղորդավար Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ոլորտում, ընդհանուր առմամբ, լուրջ խնդիրներ շատ կան, օրինակ՝ խախտումները շատ են նաև դեղատներում.

«Անխոս կան ներմուծման խնդիրներ, բայց դա չի կարող արդարացնել դեղատների կողմից չարաշահումները։ Հայաստանում դեղերի գները ամենաբարձրն են տարածաշրջանում, ու դա այն դեպքում, որ որակի հետ կապված խնդիրներ ևս առկա են, ավելին՝ սպառողներից շատերը նախընտրում են այլ երկրներից ներմուծված դեղերը ոչ միայն գնի, այլ նաև ազդեցության համար»,- ասաց Պիպոյանը՝ համաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների համար սովորական պրակտիկա է դարձել մեկնել արտերկիր հանգստի և վերադառնալ այնտեղից բերված դեղերով։ 

«Այո, քաղաքացիները արտերկրից դեղեր բերելու հնարավորությունից համատարած օգտվում են՝ կա՛մ ծանոթների միջոցով, կա՛մ երբ իրենք են մեկնում, քանի որ եվրոպական կամ այլ երկրներից բերած ջերմիջեցնողն ավելի լավ ազդեցություն ունի: Եվ սրա պատճառներից մեկը նա է, որ պետությունը չափորոշիչներ սահմանում է, բայց որակ չենք ստանում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև ներկայացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է 25, իսկ 2024 թվականին՝ 12 ժամկետանց դեղի իրացում։ 2023 թվականին՝ 46, իսկ 2024 թվականին՝ 23 դեպք է արձանագրվել, երբ իրացվել են չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող և կեղծ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքեր։ Դեղատներում իրականացված 61 ստուգման արդյունքում միայն 2-ում խախտումներ չեն արձանագրվել։ 

Պիպոյանը նշեց՝ համատարած պրակտիկա է հատով դեղ վաճառելը և սրա տակ շատ դեպքերում թաքնված է այն խնդիրը, որ այդպիսով դեղատները իրացնում են ժամկետանց դեղեր:

«Եվ այս խնդիրը բացառապես դեղատան մաքուր խախտում է՝ սա ոչ պետության քաղաքականության հետ կապ ունի, ոչ Տեսչական մարմնի, ոչ էլ վերահսկողության հետ: Սա կապ ունի միայն բարոյականության հետ»,- հավելեց նա: