«Չե՞ք վախենում մեզնից, որ մնում եք». հայր ու որդի 37 օր մնացել են ադրբեջանցիների օկուպացված գյուղում 

«Չե՞ք վախենում մեզնից, որ մնում եք». հայր ու որդի 37 օր մնացել են ադրբեջանցիների օկուպացված գյուղում 

Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխված Շուրա և Ահարոն Նարիմանյանները ապաստանել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ 

MediaHub-ի հետ զրույցում Ահարոնը պատմեց գլխով անցածը։ Ամենադաժանը՝ հայրենի Հարությունագոմեր գյուղը դատարկված տեսնելն էր։ Ահարոնն ասում է, որ տարհանման մասին լսել է, պարզապես դժվար էր իր 92-ամյա հոր հետ լքել բնակավայրը։

Բացի այդ, չի իմացել, որ Արցախն այլևս հայաթափվում է։ Սեպտեմբերի 21-ին, երբ իրենց կողմերում այլևս կրակոցներ չեն եղել, դուրս է եկել գյուղամեջ ու հանդիպել ադրբեջանցիներին։ 

«Ես ադեկվատ մարդ եմ ու լավ հասկանում եմ պատերազմների, դրանց չգրված օրենքների մասին։ Բայց երբևէ մտքիս ծայրով չի անցել, որ մի օր կկանգնենք տունը, երկիրը լքելու որոշման առաջ։ Երբ գնացել եմ գյուղամեջ հարցուփորձ անելու, տեսել եմ մի մեքենա է մոտենում, մտածել եմ մերոնք են, կանգնել եմ, տեսել ադրբեջանցիներ են։ Հարցրել են ՝ «չե՞ք վախենում, որ մնում եք»։ Հետո եկել ենք մեր տուն, հարցաքննել են ինձ ու հորս։ «Խոջալուի կոտորած»-ի գործն էին ուզում կարել վրաս, ես բացառեցի, որ կապ ունեմ դրա հետ։ Քանի որ Կարմիր խաչը գյուղերով ողջ մնացած մարդկանց փնտրում էր, ադրբեջանցիք մեզ ոչինչ չարեցին»,- պատմում է դժոխքի ճանապարհն անցած Ահարոնը։ 

Մեր զրուցակիցը պատմեց, թե ինչ դժվարությունների է հանդիպել։ Սնունդ է հայթայթել հարևանների տներից։ Գյուղամեջում չի երևացել ավելորդ անգամ ադրբեջանցիների թիրախում չհայտնվելու համար։ Տեսել է, թե ինչպես են մեքենաներով մտել տնից տուն, թալան արել, օղիներ ու պահածոներ վերցրել, հաջորդ օրը մեծ մեքենաներով արդեն կենցաղային տեխնիկա ու կահույք են տարել։ Ասում է․ «ում ինչ պետք էր, վերցրել է»։ 

«Ինձ համար դժվար էր այդ ամենը տեսնելը։ Առավել դժվար հորս առողջական վիճակն էր, նրա ապրումները։ Հեշտ չէ տարեց տղամարդուն կտրել իր հող ու ջրից, իր կնոջ ու անցավորների գերեզմանից։ Հորս ասեի՝ «գնում ենք Հայաստան», տեղում կմեռներ։ Երբ մեզ այցելության եկավ Կարմիր խաչը, անհրաժեշտ դեղամիջոցներ ու սնունդ փոխանցեց։ Ես գնալու ցանկություն հայտնեցի, որովհետև մնալու իմաստ չկար։ Մի քանի օր անց եկան մեր հետևից ու մեզ էլ փրկվելու հնարավորություն ընձեռվեց, եկանք Հայաստան»։ 

Ահարոնը վրդովված է․ ականջին լուրեր են հասել, թե իբր ինքն իր ցանկությամբ էր մնացել ադրբեջանցիների մոտ։ Հավաստիացնում է, որ անհանգստացել է միայն հոր առողջականի համար։

Հունան Թադևոսյան