Տոնոյանը «ձեռնոց նետեց» Փաշինյանին
«Այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ», - երեկ կալանավայրից հայտարարել է 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը։
Վերջինս ակնհայտորեն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով փաստացի վարչապետը, այսպես կոչված, անկլավների թեման փորձում էր բարդել զինվորականության վրա:
Ակնհայտ է, որ, այսպես կոչված անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով: Այս հարցում Դավիթ Տոնոյանի երեկվա պնդումներն արժանահավատ են թվում, մանավանդ, որ հենց Փաշինյանի մարզպետներից մեկն էր համառորեն պնդում, թե Տիգրանաշենը հանձնելու թեմա չկա: Ակնհայտ է, որ Փաշինյանը հետին թվով դարձյալ պատասխանատվությունը զինվորականության ուսերին բարդելու հարց է լուծում:
Ամբողջ ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք Փաշինյանն ընդունելու է ՊՆ նախկին նախարարի հեռակա առաջարկությունը:
Տոնոյանը հայտարարել է, որ այլ մանրամասների մասին կարող է խոսել միայն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության պայմանով՝ «հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:
Փաստորեն, Տոնոյանը «ձեռնոց է նետում» Փաշինյանին: Եթե Փաշինյանը մերժի առաջարկությունը, ապա հանրության աչքերում նրա հայտարարությունները կկորցնեն իրենց արժեքը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ պատերազմի թեմայով ցանկացած բանավեճ սպառնում է վարչապետի առանց այն էլ սասանված հեղինակությանը:
Վահրամ Բագրատյան