Ի՞նչ կարծիք ունի ՄԻՊ թեկնածուն Բաքոյանին՝ քամահրանքով «պարոն Թոռնիկ» դիմելու վերաբերյալ
ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին դիմելով նշեց, որ ՀՀ-ում ներքաղաքական տարբեր իրավիճակներ են լինում, երբ կոնֆիլկտ է լինում իշխանության և թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական ընդդիմության միջև։
«Հաճախ ընդդիմությունն է հանդես գալիս այնպիսի գործողություններով, արտահայտություններով, բառապաշարով, որոնք արժանի են քննադատության»,-ասաց Բաքոյանը և հետաքրքրվեց, թե արդյո՞ք Մանասյանը պատրաստ է միջամտել, հայտարարություններ անել, որովհետև ընդդիմությունը քննադատելու է Մանասյանին և ասելու, որ վերջինս իշխանությանն է պաշտպանում, քանի որ նույն իշխանությունն է նրան ընտրել։
Մանասյանը պատասխանեց, որ խնդիրներին շատ համակարգային է մոտենում և չի կարծում, որ որևէ խնդիր, որն առկա է հասարակական համակարգում, մեկ օղակ ունի։
«Այս բոլոր խնդիրները, եթե դրանք ՄԻՊ բնագավառին վերաբերվեն, պետք է դիտարկենք բոլոր կողմերից, որպեսզի հասկանանք, թե որն է արձանագրված խնդիրը և դրա լուծումները որոնք են լինելու»,-ասաց Մանասյանը։
Բաքոյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Մանասյանը վերաբերում այն հարցին, երբ մարդուն իր ազգային պատկանելության համար դիմում են այդ ազգի մեջ տարածված անուններից մեկով՝ քամահրանքով։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը նրան դիմել էր «պարոն Թոռնիկով», որին Բաքոյանը պատասխանել էր, թե ինքը կարող է Թոռնիկը լինել, քանի որ իր ազգի բեռը տանողներից է։
«Նշեցի արդեն, որ որևէ հիմքով անձի թիրախավորումը, ատելության, բռնության քարոզի տարածումը ճիշտ, պատշաճ երևույթներ չեն և մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ գործում է հանդուրժողականություն՝ անկախ անձանց որևէ սոցիալական խմբի, ազգային պատկանելության, սեռի հիմքով պատկանելության, քաղաքական հայացքների պատկանելության»,- ասաց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում