Խաչեր ու խաչքարեր հեռացնելու որոշում չկա․ Արմավիրի մարզպետ

Նման որոշում չկա, քննարկում է եղել հուշաքարեր ու խաչքարեր տեղադրելու չափորոշիչների վերաբերյալ, ընդ որում` այդ քննարկումը եղել է Կառավարության նիստի ժամանակ․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլում այսօր հրապարակված տեղեկությունը, թե իշխանությունը որոշել է համայնքային եւ միջպետական ճանապարհների վրայից հեռացնել եկեղեցական սիմվոլները։
«Մինչեւ այս պահը տեղադրված խաչքարերը հեռացնելու որոշում, նման քննարկում չի եղել, խոսվել է այսուհետ դրանք տեղադրելու ընթացակարգի մասին»,-ասաց Հովհաննիսյանը։
Երկու շաբաթ առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանը հուշաքարերի, խաչքարերի եւ խաչերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին վերաբերող նախագիծ էր բերել կառավարություն, որը ներկայացնելուց հետո անմիջապես ընդունվեց։ Ղուլյանը նիստին հայտարարեց, որ Հայաստանի տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող որոշման մեջ հստակեցված չէ այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների տրման ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները։
«Դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքով առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր այլ ձեւերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման եւ պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները»,-ներկայացրեց նա՝ հավելելով, որ անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում եւ այդ ճարտարապետական փոքր ձեւերի համար սահմանել ռիսկայնության աստիճան։
Խոսելով արդեն տեղադրված խաչքարերի եւ այլ օբյեկտների մասին, Ղուլյանն այդ ժամանակ ասաց՝ նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետեւանքներով: ՀՀ օրենքն ասում է, որ պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման:
Այլ կերպ ասած, թեև մարզպետը նշում է, որ խաչքարեր ու խաչեր հեռացնելու որոշում չկա, այդուհանդերձ կան կարգավորումներ, որոնք, եթե նման ցանկություն լինի, դա հեշտությամբ թույլ կտան:
Լիա Սարգսյան