ՔՊ-ի «ժողովրդավարությունը» տանում է դեպի միակուսակցական համակարգ

ՔՊ-ի «ժողովրդավարությունը» տանում է դեպի միակուսակցական համակարգ

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում` բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար:

Փաշինյանն ու ՔՊ-ականները ամեն քայլափոխի հայտարարում են, թե իրենց օրոք ՀՀ-ն «ժողովրդավարության բաստիոն» է, սակայն միջազգային կազմակերպություններն էլ են ֆիքսում, որ ՔՊ-ի օրոք կան բազմաթիվ բացթողումներ, այսինքն ՔՊ-ականները հերթական անգամ ֆեյք են տարածել իրենց ձեռքբերումների մասին:

Անգամ բաց և թափանցիկ ասուլիսների ընթացքում Փաշինյանն ու թիմը ոչինչ չունեն ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին. ներքին ճակատում սոցիալ-տնտեսական աղետ, իսկ արտաքին ճակատում՝ թուլացած սահմաններ, փլատակների վերածված Արցախ, որի ապագան շատ աղոտ է, ինչպես նաև հայկական սահմանների երկայնքով ուժեղացող Թուրքիա-Ադրբեջան տանդեմ: Այս ամենի մասին ՔՊ-ականներն ու նրանց լիդերը լռում են, քանի որ դրա մասին խոսելը նրանց ձեռնտու չէ: 

Դրա փոխարեն խոսվում է անորոշ «խաղաղության դարաշրջանի» մասին՝ ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ ամեն ամիս սահմաններում հայ զինվորներ են սպանվում և ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում հայկական գյուղերը: Բացի այդ, ՔՊ-ն խոսում էր «նախկինների» թալանի մասին, սակայն 2018թ.-ից ի վեր հայտնի «նախկիններից» ոչ ոք չի հայտնվել բանտում: Դրան զուգահեռ, ՔՊ-ականների ֆինանսական բարեկեցությունն է աճում՝ «թավշյա հեղափոխությունը» նրանց համար նաև սոցիալական բացերը լրացնելու լավ առիթ էր:

ՔՊ-ականները տապալվել են բոլոր ճակատներում, նրանց հեռացնելու համար անհրաժեշտ է նաև գերտերությունների հետ ճիշտ աշխատանք, մասնավորապես, ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի: Թուրք-ադրբեջանական դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում, Հայաստանում և Արցախում ազգային անվտանգության սպառնալիք է Մոսկվայի համար: ՔՊ-ականների հեռացման «ճանապարհային քարտեզը» պետք է ներառի այս կարևորագույն գործոնը:

Վահրամ Բագրատյան