Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ հնաբնակներին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին ու նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին կուսակցության վարչության նախագահի տեղակալներ նշանակելու մասին։ Վարչության ընտրությունների կեղծումից հետո ՔՊ-ում սպասում էին, որ Փաշինյանը կպատժի ոչ միայն կեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանին եւ նրա աջակիցներին, այլեւ քիչ թե շատ ինքնուրույն անձանց, որպեսզի վերջիններիս մտքով չանցնի աճել եւ կրկնել Պապիկյանի «ինքնագործունեությունը»՝ հավակնել վարչապետի աթոռին եւ վարչությունում յուրայիններ ներդնելուն։
«Հրապարակ» թերթը գրում է․
Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Քաթար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ ԱԺ կայքում կա այդ հարցի պատասխանը․ ըստ պաշտոնական հրամանի՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:
«Հրապարակ» թերթը գրում է.
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, որի օրակարգում ընդդիմության նախագիծն էր, հետաձգվել է։ Ընդդիմությունը նախաձեռնել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի, այս տարվա նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով կոչ էին արել համաձայնել իրենց առաջ քաշած 5 սկզբունքներին։ Թե ինչու է հանձնաժողովի նիստը հետաձգվել, իշխանականներն ընդդիմադիրներին հայտնել են, որ որոշակի առաջարկներ ունեն, որոնք ցանկանում են մինչեւ հանձնաժողովի նիստը քննարկել, եւ հնարավոր է` փոփոխություններ մտցնեն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծի տեքստում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այդ թվում՝ մասնավորաբար արևելագիտաության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում մի շարք դասախոսների դրույքներ են կրճատվել, իսկ այդ փաստի վերաբերյալ ո՛չ դեկանատում, ո՛չ էլ ռեկտորատում որևէ հիմնավոր ու բովանդակային պարզաբանում չի ներկայացվել։ Ավելին, որոշ դասախոսների օրերս հայտնել են, որ իրենց առարկաները հունվարից այլևս չեն լինելու կրթական ծրագրում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տևական ժամանակ է, ինչ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ հարթ չեն Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները մասնավորապես Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի հետ։ Կան տեղեկություններ, որ Փաշինյանը մի քանի առիթներով արդեն «շշպռել է» նրանց։ Առիթներն, իմիջիայլոց, եղել են առանձնապես ոչ նշանակալի, ինչից էլ, ըստ քպական մեր աղբյուրների, կարծիք է ձևավորվել, թե «շան գլուխն» այլ տեղ պետք է փնտրել, հնարավոր է՝ պատճառը ներթիմային «մուտիլովկաներն» են, հնարավոր է նաև, որ պատճառը Պապիկյանի ու Ավինյանի աճող վարկանիշն է՝ ի տարբերություն Փաշինյանի՝ անընդհատ նվազող վարկանիշային «ցուցանիշների»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում «Վիվա-ՄՏՍ»-ի գնմամբ հետաքրքրված են արտերկրյա մի շարք գործարարներ, որոնք փորձել են ձեռք բերել կազմակերպությունը, սակայն հայկական կողմը՝ ի դեմս գործադիրի, վիժեցնում է այդ գործընթացը մասնավորաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի «քավորությամբ»:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ «Վիվա-ՄՏՍ»-ի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն ստացել են հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ եւ ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2023-ի փետրվարին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները: