Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել, Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է․ Մամուլը՝ սուրճով

Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել, Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության ներսում:

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։ Այսինքն՝ իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց սեփական ապազգայնությունը։ Միայն ընդդիմության՝ ներկա 31 պատգամավորները Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, Պատկերասրահի, Գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից «ազգային» բառի հանման օրենքին դեմ քվեարկեցին: Եթե «Արցախ» բառը, ըստ Ալեն Սիմոնյանի, պատերազմի վտանգ կարող է դառնալ, ապա այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ազգային օպերան, ազգային թատրոնները կամ առհասարակ «ազգային» բառը ինչ սպառնալիք է իշխանության համար։

Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կլինի «պետական» բառը։

Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Այսինքն՝ մշակութային կառույցի կարգավիճակը կլինի ազգային, իսկ անվանումը՝ պետական»:

 

«Հրապարակը» գրում է․ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, անգամ նոր ձեւ են ստացել:

Գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար, ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանը, որը 2018-ից առաջ Վահե Հակոբյանի կնոջ աշխատողն է եղել։  Պատմեցին, որ Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որեւէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ։

ՔՊ-ում ոչ մի կերպ չեն մարսում նրանց պահվածքը Փաշինյանի նկատմամբ, որոշել են նրանց հալածել, բայց քանի որ ավելի ազդեցիկ միջոց չունեն, մանր ժուլիկների նման միայն կտցահարում են։

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է Սրբուհի Գալյանին, որ լրագրողները նկարում են, վերջինս նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Փաստի» հարցին ի պատասխան նշեց, որ իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը, դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն, մեկնաբանվել է «ըստ ճաշակի»։