«Մաման հիմա էլ չի հավատում...». 44-օրյա պատերազմում զոհված Գոռին երկու օրից կհուղարկավորեն Եռաբլուրում

44-օրյա պատերազմից մոտ 3 տարի անց կհուղարկավորեն պատերազմի մասնակից Գոռ Համբարձումյանի մարմինը։
31-ամյա Գոռը կամավոր էր մեկնել ռազմաճակատ, հոկտեմբերի 4-ին։ MediaHub-ին Գոռի եղբոր կինը՝ Նելլի Համբարձումյանը պատմեց, որ Գոռը բոլորից թաքուն է որոշել, որ պետք է Արցախ գնա։
«Մենք միայն վերջին օրն ենք իմացել իր որոշման մասին, երբ կինը զանգեց ասաց, որ Գոռը պատերազմ է գնում։ Փորձում էինք համոզել, որ հետ կանգնի իր որոշումից։ Զինվորական կոմիսարիատից պետք է ծանուցվեր, հետո գնար, դրան էլ չսպասեց ու գնաց»,-ասաց Նելլին։
Եղբայրը՝ Արսեն Համբարձումյանն էլ պատմեց, որ Գոռը «Սուլթան Լու բլուրներ» կոչվող տարածքներում է եղել մարտերի ընթացքում։
«Բլուրներում են եղել, իրենց հրահանգ է եղել, որ պետք է գնան, այդ տարածքի ամենաբարձր լեռը գրավեն։ Իրենք կռվել են վարձկանների դեմ։Առաջին սարը բարձրացել են, հետո, երբ արդեն երկրորդ սարը պետք է բարձրանային, վարձկանները շրջափակել են իրենց, որից հետո մարտի են բռնվել: Երբ պատրոնները վերջացել են, Գոռն ասել է, որ իր մոտ 2 հատ նռնակ կա, բաց կթողնի վարձկանների ուղղությամբ ու այդ ընթացքում մարտական ընկերները կկարողանան լիցքավորել իրենց զենքերը։ Նռնակը նետելուց հետո մարտական ընկերներից մեկը տեսել է, որ Գոռի մատները վնասվել են, կարծում են, որ հակառակորդի դիպուկահարն է կրակել, բայց եղբայրս չի ընկճվել, առաջին բուժօգնության պարագաներ է ունեցել իր մոտ, կապել է ձեռքն ու շարունակել մարտը։ Թեժ մարտից հետո Գոռին էլ չեն տեսել»,-ասաց եղբայրը։
Ընտանիքին պատմել են, որ երբ Գոռը կամավորագրվել է, դիրքերում հրամանատարը հանձնարարել է, որ նա պետք է հաց բաժանի, բայց Գոռը բողոքել է, ասել, որ եկել է թուրքի դեմ կռվելու։
«Ի վերջո համոզել է ու հրամանատարի հետ 21-22 անձով գնում են պայքարի։ Գիտեք, թե կինն ինչքան էր համոզում, որ հետ գար, ասում էր՝ մի տարեկան է մեր երեխան, արի, որ մեր կողքին լինես, ոչ մի կերպ չհամաձայնվեց, ասել է՝ արդեն էստեղ եմ, հետդարձ չկա, հայրենիքը պաշտպանելիս հետքայլ չեն անում։ Ասել է՝ սպասեք ու շուտով գալու եմ։ Նրան նույնիսկ չեն կարողացել հետ պահել իր մարտական ընկերները, ասել են՝ անզոր ենք, չենք կարող պայքարել, հետ գնանք, չի համաձայնել»,-պատմեց Արսենը։
Արսենը հիշեց, որ Գոռը շատ վճռական է մեկնել առաջնագիծ. «Մինչև գնալն ասացի՝ լավ մտածի, ասաց՝ 4 օրվա կռիվ է, կգնամ ու կգամ։ Ես իր հետ գնացել եմ Զինվորական կոմիսարիատ, երկու ժամ իրար դեմ դիմաց նստել ենք, իրար նայել ու ոչինչ չենք խոսել, ասաց՝ երկու ժամ է՝ բառ չես խոսում, ասացի՝ չեմ էլ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ քեզ նայեմ։ Մեկ-մեկ ինձ եմ մեղադրում, որ տարա զինկոմ, բայց ունենք էն, ինչ ունենք։ Իմ ախպերը իր կյանքը հայրենիքին տվեց, որ իմ երեխեքը, իր որդին, ես, իր ընտանիքը խաղաղ երկրում ապրեն»։
Գոռից վերջին զանգը եղել է կնոջը՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։
«Դիակներն այնտեղից հանել են դեկտեմբերին»,-ներկայացրեց Արսենը։
Նելլին պատմեց, որ երկու անգամ ԴՆԹ նույնականացում է եղել, բայց Գոռի մայրը չի հավատացել, որ իր որդին զոհվել է։
«Մենք էլ այլ տարբերակ չունեինք, չէին ուզում իրեն ցավեցնել, պնդել, որ պետք է հուղարկավորենք։ Համբերատար սպասեցինք այնքան, մինչև մայրը համակերպվեց իրողությանը, որ էլ իր Գոռը չի գալու»։
«Մաման հիմա էլ չի հավատում։ Դե, գիտենք, որ մինչև տարվա վերջ հաստատված դիերը պետք է հողին հանձնեն, մենք, բնականաբար չէինք սպասի, որ մի օր մեզ զանգեն, ասեն՝ ձեր եղբոր մարմինն այստեղ է ամփոփված, եկեք, խունկ վառեք»,-ասաց Արսենը։
Գոռ Համբարձումյանի հոգեհանգիստը վաղն է, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Լիաննա Թորոսյան