Տիգրանաշենը հանձնելու դեպքում մենք ճանապարհի խնդիր ենք ունենում․ քարտեզագետ 

Տիգրանաշենը հանձնելու դեպքում մենք ճանապարհի խնդիր ենք ունենում․ քարտեզագետ 

Մենք ունենալու ենք Խորհրդային Հայաստանի սահմանները․ մեզ մնում է այդ 29 800 քկմ և հավելյալ բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց հայ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Մոլդովայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել՝ իր նշած ԽՍՀՄ 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը. «Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի: Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ… Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին… Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որեւէ կոնկրետ որոշում չկա,բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,-ասել էր Փաշինյանը: Քարտեզագետի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե ինչպե՞ս են վարվելու անկլավների հետ։ 

«Ամենադյուրին ճանապարհը անկալվների փոխանակումն է, բայց եթե նրանք մեզ պահանջելու են անկալվները վերադարձնել, ապա պետք է նաև փաստեր ներկայացնեն, թե այդ տարածքները ինչպես են նրանցը համարվում, որովհետև այդ տարածքները նրանցը երբեք չեն եղել։ Պետք է լուծել այս խնդիրը, իսկ եթե պարտադրված տալու ենք այդ տարածքները, ապա պետք է փշալարերով շրջափակենք մեզ մնացող գյուղերը, որպեսզի նրանք իրավունք չունենան անցնել։ Տիգրանաշենը հանձնելու դեպքում մենք ճանապարհի խնդիր ենք ունենում, մայրուղին դեպի հարավ կտրվում է և եղած այլ տարբերակը գյուղերի միջով անցնելն է, որը բեռնատարների համար անհնար է»,-ասաց նա։ 

Գալչյանի խոսքով՝ երկարատև աշխատանք է պետք, որպեսզի ճանապարհները մեծացնեն, փոխեն։ 

«Խնդիրն այն է, որ ոչ ոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունն իր Սահմանադրության 2-րդ ակտի հոդվածում նշում է, թե իրենք ժառանգն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, եթե այդ թվականների ժառանգն են, ապա այդ ժամանակ անկլավներ գոյություն չունեին, անկալվները ստեղծվել են 1930-ից հետո։ Ինչպե՞ս է, որ ԽՍՀՄ տարիներից միայն անկլավներն ես ընդունում։ Տիգրանաշենը հայկական է և վերջ, իրենք ասում են՝ այստեղ ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն ադրբեջանական է, Արցախում էլ միշտ հայեր են ապրել, ուրեմն հայակական է. սա էլ կա, չէ՞։ Այս փաստաթղթով Արցախից ոչ մի կտոր հայկական չի համարվում, արդեն իսկ չեն համարում նրանք, Ստալինն ամբողջը տվել է Ադրբեջանին, բայց նրանք անկախացան, որի մասին ոչ ոք չի խոսում»,-շեշտեց քարտեզագետը։

Լիաննա Թորոսյան