Դանի Ալվեշը կհամագործակցի հետաքննության հետ

Դանի Ալվեշը կհամագործակցի հետաքննության հետ

«Բարսելոնայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշը մտադիր է գործարք կնքել հետաքննության հետ՝ բռնաբարության գործով նվազագույն պատժաչափի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport,am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվեշը վերջերս փոխել է փաստաբանին։ Այժմ բրազիլացու շահերը դատարանում ներկայացնում է կատալոնացի իրավաբան Ինես Գվարդիոլան, որը մասնագիտացած է սեռական բռնության և քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև բրազիլացու՝ պաշտպանության մարտավարությունը։ Այժմ գաղափարն այն է, որ ֆուտբոլիստը համաձայնության գա իսպանական արդարադատության համակարգի հետ՝ պատժաչափը հնարավորինս նվազեցնելու համար: Առայժմ բրազիլացուն սպառնում է 8-ից 10 տարվա ազատազրկում։

Այս պլանն իրականացնելու համար Ալվեշը պետք է տուժողին վճարի պատճառված վնասի համար գումար, որը դեռ պարզված չէ։ Եվ ի լրումն՝ ընդունի մեղքը հանցանք կատարելու մեջ, ինչը, սակայն, կհակասի իր նախկին հինգ հայտարարություններին, որոնցում նա միշտ պնդել է, որ սեռական գործողությունը փոխհամաձայնության արդյունք է։

Ալվեշն ավելի քան վեց ամիս է, ինչ կատալոնական բանտում է գտնվում։ Հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում 23-ամյա աղջկա բռնաբարության մեջ։