Արթուր Դավթյանին Արցախի գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել ԱԺ

Ո՛չ Արթուր Դավթյանին, ո՛չ այլ անձի՝ ԱՀ գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդյություն չի ներկայացվել ԱԺ-ին։
Այս մասին այսօր MediaHub-ին հայտնեց Արցախի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ են պտտվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավանաբար, Արցախում կնշանակվի ԱՀ գլխավոր դատախազ։ Վերջին տեղեկություններով էլ Դավթյանն արդեն Արցախում է։
«Իմ հանձնաժողովով պետք է անցնի, բայց ես նման միջնորդություն չեմ ստացել։ Որևէ մեկի մասով որևէ միջնորդություն ես չեմ ստացել»,-ասաց Աղաջանյանը։
Ընդգծենք, որ Դատախազության մասին օրենքի 34-րդ հոդվածի 3-ը մասը նշում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Արթուր Դավթյանը ՀՀ քաղաքացի է, ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Դավթյանը գրանցված է Շիրակի մարզի հայրենի գյուղում՝ Հոռոմում, սակայն ԱՀ քաղաքացիությունը շնորհում է նախագահը, որևէ ժամանակ չի պահանջվում, իսկ Արցախի Սահմանադրությունը սահմանում է, որ ազգությամբ հայերը ԱՀ քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով (հոդված 47)։
Նշենք նաև, որ Արթուր Դավթյանը չունի պասիվ ընտրական իրավունք։ Քաղաքացին հաշվառման պահից ձեռք է բերում ընտրելու իրավունք, ոչ ավելին։
Լիաննա Թորոսյան