Գնդակահարության դեպքն Ադրբեջանը մեկնաբանել է այնպես, թե սադրիչներ են եղել․ ՄԻՊ

Գնդակահարության դեպքն Ադրբեջանը մեկնաբանել է այնպես, թե սադրիչներ են եղել․ ՄԻՊ

Տարբեր սոցիալական հարթակներում Ադրբջանը հարձակման խմբեր ունի։ Մենք կոնկրետ ապացույցներ ունենք, որ այս թիմերը ինչպես են հավաքագրում, թե ում էջերն են պետք հարձակման ենթարկել։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչները կոչեր են արել հայկական պետությունը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր ուղղություններով գիշերվա տարբեր ժամերին, բնակելի տների պատուհաններին իրենց դիրքերից ուժեժ լույսեր են գցում. սա չի կարող պատահականություն լինել, սա շարունակական հոգեբանական տեռորի օրինակ է։ Լինում են դեպքեր, որ իրենց դիրքերից վառվող անիվներ են բաց թողնում դեպի տներ։ Այս ամենի նպատակն է, որ գյուղերը հայաթափվեն, որ մարդիկ վախից դուրս գան իրենց տներից»,- ասաց նա և հավելեց, որ այս գործողությունները կոնկրետ կառավարվող են, այսինքն մի քանի զինվորի քմահաճույք չէ, այլ հստակ հրամանատար կա։

Գրիգորյանը հիշեցրեց վերջին դեպքերը, երբ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ զինծառայողներ են գնդակահարվել, անդամահատվել, և շեշտեց՝ այն անձինք, որոնք պատերազմական հանցագործության մեջ են ներգրավված, երկամսյա տնային կալանք են ստացել։ Վերջինիս խոսքով՝ այս գործողությունները նաև խրախուսանքի են արժանանում։ 

«Նրանք մշտապես տեսանկարահանում են իրենց պատերազմական հանցագործությունները և տարածում են սոցիալական ցանցերում։ Վերջին տեսանյութի վերաբերյալ միջազգային հանրությունը շատ արագ արձագանք տվեց և իրենց ճնշման տակ դրեց, որից հետո իրենց դատախազությունը հայտարարություն տարածեց, ասաց, որ մենք գործը կուսումնասիրենք, բայց շատ հատկանշական է, որ եթե բացեք և կարդաք դատախազության տեքստը, կտեսնեք՝ դա հայտարարություն չէր, այլ փոքր մեղադրանք էր, իրենք խոսում էին սադրիչների մասին։ 

Ադրբեջանը գործ է հարուցում միջազգային հանրության աչքերին շղարշ ստեղծելու համար, թե, իբր, արդարադատություն է իրենց երկրում գործում», -ասաց նա և հավելեց, որ այն անձը, որը պատերազմական հանցագործության համար 2 ամիս տնային կալանք էր ստացել, ամիսներ անց խրախուսվել և պաշտոնական առաջխաղացումներ է ունեցել։ 

Լիաննա Թորոսյան