Բերման է ենթարկվել Վազգեն Սաղաթելյանը (տեսանյութ)

Լրագրող Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վազգեն Սաղաթելյանին ձերբակալել են։
«Վազգեն Սաղաթելյանին ձերբակալում են։ Ձեռնաշղթաներով»,- գրել է նա՝ կից տեսանյութ ներկայացնելով։
Բերման ենթարկելու տեսանյութն այստեղ
Մոտ երկու ժամ առաջ Սաղաթելյանը հարցազրույց էր տվել MediaHub-ին։ «Դե, ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել, Նարեկը ավելի շուտ՝ ժամը 12-ին էր դուրս եկել, ես ավելի ուշ էի պատրաստվում, բայց հիմա, երևի թե, իմ պլանավորածից ավելի շուտ դուրս կգամ, որ եթե բռնում են, թող ավելի շուտ բռնեն, որ երեկոյան պլաններս դրանից չխախտվեն»,- ի թիվս այլնի ասել էր նա։
Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողները, կոշտ մեթոդներով, մի քանի հոգով ասֆալտին պառկեցնելով, բերման են ենթարկել «Իմնեմնիմի» պոդքաստի հաղորդավարներից Նարեկ Սամսոնյանին։ Նա հիմա Քննչական կոմիտեում է, և, ինչպես հայտնում են ՔԿ-ից, Սամսոնյանին բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդքաստը վարող մյուս հաղորդավարը Վազգեն Սաղաթելյանն է, նրանք երկուսն էլ շատ կոշտ բառամթերքով են հաճախ հանդես գալիս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա իշխանության ներկայացուցիչների հասցեին։