Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը Հայաստանի գլխին մահացու սպառնալիք կբերի․ Բաբայան
«Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի հայ ժողովրդի պատմության ամենաարմատական վերափոխումների», - ֆեյսբուքյան իր էջում գրում էԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը
«Ներկայիս Հայաստանի գլխին կախված կլինի մահացու սպառնալիք, որը գրեթե անհնար կլինի չեզոքացնել: Բացի այդ, վերաֆորմատավորվելու են հենց «Հայաստան» և «հայեր» հասկացությունները։
Աշխարհագրությամբ արդեն բաժանված, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում էթնոքաղաքական հակասություններով լի հայ ժողովուրդը կարող է պարզապես տրոհվել։ Տեղի կունենա Սփյուռքի օտարացում պատմական հայրենիքից, ինքնության ճգնաժամ կսկսվի հայ ժողովրդի և նրա պետականության ԴՆԹ-ի գլխավոր պահապաններից մեկում՝ ղարաբաղյան հատվածում, Հայաստանի բնակչության մի զգալի տոկոսը ամաչելու է իրեն հայ անվանել։
Բարդ ու ողբերգական էջերով լի, բայց փառավոր մեր անցյալի ու անհասկանալի ներկայի միջև անջրպետ կստեղծվի, որի արդյունքը կլինի անհույս ապագան։ Իսկապես, մենք մեր պատմության ամենակարևոր խաչմերուկում ենք...»,- գրել է նա։