Երևանի ապագան որոշելու են նաև հնդիկները

Երևանի ապագան որոշելու են նաև հնդիկները

Ըստ ՀՀ օրենսդրության` ընտրելու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները, եթե ունեն տվյալ համայնքի առնվազն մեկ տարվա հաշվառում։

Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ընդունվեց օրենք, որի համաձայն՝ ընտրելու իրավունք ունեն մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:

Ըստ Հայաստանի Հանրապետության Միգրացիոն ծառայության ներկայացրած տվյալների, որին դիմել է MediaHub-ը, 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են 14 839 անձ, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն։ 

«2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են 14 839 անձ, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 14 839 անձից 109 առհասարակ քաղաքացիություն չունեցող անձինք են, 1639՝ կացության կարգավիճակ ունեցող անձինք են, 628՝ փախստական, 14 839-ից 10 308-ը Ռուսաստանի Դաշնության քաշաքացի»,- MediaHub-ին ասաց ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում ժամանակաոր կացության կարգավիճակ ստացել են Հնդկաստանի 1477 քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության 11 416 քաղաքացի։ Իսկ մշտական կացության կարգավիճակ ստացել են Հնդկաստանի 20 քաղաքացի և 1396 ՌԴ քաշաքացի:

Ըստ ԿԸՀ-ի՝ օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․
ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը, 
Մշտական կացության քարտը,
ՀՀ հատուկ անձնագիրը,
ՌԴ քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։
Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝
ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
Ժամանակավոր կացության քարտը,
ՀՀ հատուկ անձնագիրը,
Փախստական ճանաչված անձանց համար՝
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Ինչ է ասում միջազգային փորձը: Օրինակ, ԱՄՆ-ում բնակվող հազարավոր «գրին քարտ» ունեցողներ, որոնք բնակվելու, աշխատելու, կրթվելու իրավունք ունեն, այդուհանդերձ զրկված են ընտրություններին մասնակցելու իրավունքից: Նույնը նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ ընտրություններին քվեարկել կարող են բացառապես ՌԴ քաղաքացիները: Նույնը եվրոպական երկրներում....

Այսպիսով, սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրության Երևանի ապագան կորոշեն նաև Հայաստանում ժամանակավոր ապրող Հնդկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիները: Ինչպես ասում են՝ no comment:

Մարիաննա Արամյան