ՀԱՊԿ գագաթնաժողովն է. Երևանի կենտրոնում փողոցներ են փակ (տեսանյութ)

Այս պահին Երևանի կենտրոնում որոշ փողոցներ փակ են երթևեկության համար:

MediaHub-ի կողմից ներկայացվող տեսանյութում Պռոշյան-Պարոնյան փողոցներն են, որոնք արդեն մեկ ժամ է փակ են: Ոստիկանները որևէ մեքենայի տեղաշարժ այս հատվածում թույլ չեն տալիս, փողոցից դուրս են բերվել նաև կայանված ավտոմեքենաները:

Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մանսակցելու են այդ կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարները: Այն կմեկնարկի ժամը 15.00-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանելուց հետո: Ենթադրելի է, որ Պռոշյան-Պարոնյան-Լեո փողոցները փակ կլինեն մինչև երեկո:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Ոստիկանությունից, սակայն, չէին տեղեկացրել, թե կոնկրետ որ փողոցների մասին է խոսքը: