Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան։ Նախօրեին «Հայաստան» դաշինքը մասնակցեց հայտարարությունների ժամին, իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը։

Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Նա կուսակիցներին հրահանգել է գնալ ԱԺ, քանի որ գործընթացը տանում է Փաշինյանի իմպիչմենթին։

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի քաղաքական դաշտում, առաջիկա եռակողմ այցին ընդառաջ, հուժկու ակցիա են նախապատրաստում, որի նպատակն է՝ լսելի դարձնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ ընդունել Ռուսաստանի առաջարկած տարբերակը, որով Արցախի հարցը թողնվում է հետագա բանակցություններին։ Զանգվածային միջոցառման օրվա մասին դեռեւս հստակ ինֆորմացիա չկա։

«Հրապարակ» թերթը գրում է․

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։

Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, ըստ էության, մոտ ապագայում չի էլ ստորագրվի:

«Հրապարակ» թերթը գրում է․

ՊՆ նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ փոխանցեց թարմացված տվյալներ, թե քանի վիրավոր զինծառայող ունենք, եւ նրանցից քանիսն է այս պահին բուժում ստանում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող։

«Վիրավոր զինծառայողներից 71-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը բուժումն ավարտել է ու գտնվում է վերականգնողական արձակուրդում։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասաց Արամ Թորոսյանը։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Սրան հետևեց հաջորդ «սլիվը»՝ Մարգարիտա Սիմոնյանի մասով:

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները բավականին «սոլիդ» ցուցակ ունեն, որտեղ ընդգրկված են Հայաստանի գործող իշխանություններին քննադատության ենթարկող՝ ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ հիմնականում հայամետ դիրքորոշմամբ, որոնց մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչվելու:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արցախի հետ կապված միակ հարցը, որ քպականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են, «Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրն» է: Ու ընդհանրապես, արտերկրյա գործընկերների հետ շփումներում իշխանությունները փորձում են շրջանցել Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարցը։ Հետաքրքիր է, որ փոխարենը Կովաչևի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է հատուկ շեշտել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այսօր 1999 թվականի «Հոկտեբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Կոնջորյանը ինքնաթիռի «Բիզնես» դասի հատվածում է նստած եղել, ինչը թե՛ գործադրի, թե՛ օրենսդրի անդամների համար քննարկման իրական ու լուրջ թեմա է դարձել:

Մասնավորապես՝ իշխանականներին դուր չի եկել հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ թիկնապահներով ու ուղեկցողներով մեկտեղ, «Էկոնոմ» դասում է նստել, Կոնջորյանը առոք-փառոք «Բիզնես» դասում է տեղավորվել: 

Մեր տեղեկություններով՝ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավարի հետ այդ մասով սաստիչ խոսակցություն է ունեցել ԱԺ ղեկավարությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծովագյուղ համայնքի վարչական ներկայացուցիչ նշանակվել է Սեդա Մինասյանը, որը նախկինում աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում: Տեղեկացնենք, որ մինչ այս Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը պարալիզացված էր. Ծովագյուղը վարչական ներկայացուցիչ չուներ:

Նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանը չէր ցանկանում նշանակվել որպես վարչական ներկայացուցիչ, նա եւ իր համագյուղացիները պահանջում էին Ծովագյուղին չխոշորացնել: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայկ Մարությանը սկսել է տատանվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում. Մոնոներկայացումներն էլ չեն արդարացրել սպասելիքները. համենայնդեպս նրա շրջապատում այդպես են ներկայացնում իրավիճակը:

Իհարկե կարգին Հայկոն արդեն հասցրել է լուրջ գումար աշխատել, սակայն տոմսերի վաճառքի անկմանը զուգահեռ այդ թիվն անշեղորեն իջնելու է, իսկ այն որ տոմսերի վաճառքի խնդիր կա, կարելի է ենթադրել սոցցանցերում վճարովի գովազդի ինտենսիվության աճով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: