Էստոնիան ՌԴ-ից հարցում չի ստացել և չի պատրաստվում սահմանը հատողների վերաբերյալ տվյալներ հրապարակել

Էստոնիան ՌԴ-ից հարցում չի ստացել և չի պատրաստվում սահմանը հատողների վերաբերյալ տվյալներ հրապարակել

Էստոնիայի արտաքին գործերի նախարարութjունը հայտարարել է, որ ՌԴ իշխանություններից պաշտոնական հարցում չի ստացել Էստոնիայի սահմանը հատող մարդկանց վերաբերյալ տվյալներ տրամադրելու մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սահմանը հատողների տվյալները կարող ենք հրապարակել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Իրավիճակը, երբ ռուսական հատուկ ծառայությունները ԶԼՄ-ներում նրանց մեղադրում են ինչ-որ բանի մեջ, այդ դեպքերից չէ։ Մենք այս մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն կամ հարցում չենք ստացել Ռուսաստանի իշխանություններից»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանությունն իրագործել է «ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակից» Նատալյա Վովկը, ով հուլիսի 23-ին Ռուսաստան էր եկել իր 12-ամյա դստեր հետ։ Ըստ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության՝ Վովկը իրականացրել է Դուգինայի մեքենայի կառավարվող պայթյունը, որից հետո մեկնել է Էստոնիա։ Վովկին հետախուզում է հայտարարվել։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարկածն այն մասին, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։