Իրենց օպտիմալացումները չպետք է ազդեն ուսանողների ապագայի վրա․ Արմավիրի բժշկական քոլեջի դասախոս

Արմավիրի պետական բժշկական քոլեջը, որ 25 տարվա պատմություն ունի, ցանկանում են միացնել Արմավիրի պետական տարածաշրջանային և Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջներին։ ԿԳՄՍ նախարարության այս որոշումը, որ ընդունվել է դեռ հուլիս ամսին, առաջացրել է ուսանողների, դասախոսապրոֆեսորական կազմի և ուսանողների ծնողների զայրույթը։
«Ես այս տարի պետք է ավարտեմ բժշկական քոլեջը, բայց պետք է տարածաշրջանային պետական քոլեջի դիպլոմ ստանամ, ո՞րն է դրա իմաստը, ո՞վ է ասել, որ նման իրավունք ունեն մեզ հետ այսպես վարվելու։ Ես չեմ ուզում տարածաշրջանայինի դիպլոմ ստանալ, հատկապես, որ այդ դիպլոմը որևէ ուժ չի ունենալու հետագայում Բժշկական համալսարան գնալու համար»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։
Նա նշեց, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ նման խնդիր է առաջանալու, նման որոշում կա։
«Մեր պայմանագրում նշված չէ, որ մենք մի քոլեջ պիտի ընդունվենք, մյուսն ավարտենք»,- նշեց նա՝ հավելելով, որ հետագայում բժշկական գործունեություն ծավալելու համար է ընդունվել այս քոլեջ, բայց փաստացի, ինքը ստանալու է Տարածաշրջանայինի «ոչինչ չասող» դիպլոմ։
Թեև ԿԳՄՍ նախարարության այս որոշումն ընդունվել է երեք ամիս առաջ, ուսանողներն այս մասին ընդամենը երեք-չորս օր առաջ են իմացել, իրենց որևէ մեկը չի ծանուցել։
«Հիմա մենք դասադուլ ենք անում, մարզպետարանի առաջ այնքան ենք մնալու, քանի դեռ մեր խնդրին լուծում չի տրվել»,- նշեց մեր զրուցակիցը։
Դասախոսական կազմը ևս տեղյակ չի եղել, որ նման խնդիր է առաջանալու, թեև հիմա էլ իրենց համար հասկանալի չէ՝ ինչ է ենթադրում միավորումը։
«Ոմանք ասում են՝ մի շենքում արդեն պետք է սովորեն ուսանողները, դասախոսական կազմը պետք է կրճատվի, ոմանք ասում են՝ ամեն ինչ նույնն է մնալու, ուղղակի միավորման արդյունքում բոլոր քոլեջները Տարածաշրջանայինի անվան տակ են հանդես գալու։ Մենք ինքներս էլ տեղյակ չենք։ 400-ից ավելի ուսանող ունենք, ու նորմալ չէ, որ տեղեկացված չենք եղել»,- մեզ հետ զրույցում ասաց դասախոսներից մեկը։
Նա ևս նշեց՝ քանի խնդիրը լուծված չէ, շարունակելու են գործադուլը։
«Իրենց օպտիմալացումները չպետք է ազդեն ուսանողների ապագայի վրա»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։
Նարե Գնունի