Ցորում խրամատ չի եղել, որ տղաները պաշտպանվեն, նրանց դիերը մեքենաների մոտ էին․ Հարությունյանի պաշտպան
Երկրորդ դրվագին է վերաբերում Ցորի տղաների հարցը։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին, թե Ցորի տղաների հարազատները կրկին ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ, արդյո՞ք դա չի նշանակում, որ հայտնի է ցուցմունք տվողների ցանկը։
Նա նշեց, որ ցանկացած տվյալ, որը շրջանառվում է, տղաների ծնողները վերցնում ու շրջանառում են։
«Իրենք ինչ-որ տեղից ստացել են, և իրենց ապրումների հետևանքով կրկնում են»,- նշեց նա։
Սարդարյանը նշեց, որ երկրորդ դրվագում իրականում ցավալի պատկեր կա՝ մի շարք զինվորներ փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել. «Բայց, արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն ՊԲ հրամանատարն է, իհարկե ոչ։ Դիվիզիոնի հրամանատարությունը պիտի պատշաճ դա իրականացներ»,- նկատեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ դիվիզիոնի հրամանատարների մի մասը դիտակետում, որը եղել է մարտկոցների տեղակայման վայրից մեկ կմ հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել են, որ թշնամին է։
«Հիմա հարց, եթե լսում ես խոսակցությունները, ինչո՞ւ ժամանակահատվածը չես օգտագործում, որ հրանոթներն ուղղվեն այդ մեկ կմ հեռավորության վրա կրակ բացելուն։ Դրա փոխարեն տագնապ են հայտարարել, ու խառը սկսում են փախչել։ Խրամատ չի եղել, որ տղաները պաշտպանվեն, տղաների դիերը մեքենաների կողքին էին։ Հիմա ՊԲ հրամանատարը պիտի՞ խրամատ փորեր»,- հարց հնչեցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։