Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն, Չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել. Մամուլը՝ սուրճով

Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն, Չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սեւացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին:

ArmLur.am-ը գրել էր, որ Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ն չատ է բացել՝ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը: Հիմա էլ «PR Գյումրի» չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել նոն-ստոպ հարցազրույցներ տալ, գրառումներ անել, որպեսզի սեւացնեն մրցակիցներին:

Հիմա վարչապետի խոսնակից սկսած՝ գյումրեցի պատգամավորներ, Գյումրու ավագանու անդամներ, իրար հերթ չտալով, հարցազրույցներ են տալիս, գրառումներ անում ու ամենավերջին ձեւով, կեղտոտ բառապաշարով վիրավորում են մյուս մրցակիցներին:

Այս կեղտոտ օպերացիայի գլխավոր դերերում էլ ՔՊ-ական տիկնայք են՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ու գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը, որոնք կես ժամը մեկ գրառումներ են անում ու վարկաբեկում համայնքապետի մյուս թեկնածուներին՝ մոռանալով իրենց իշխանական կարգավիճակի ու անթույլատրելի վարքագծի մասին»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում երեկ տեղի ունեցածը, պարզվում է, առաջին ծիծեռնակն է․ ասֆալտին փռելով բերման էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։

Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։

Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն մի ծիծաղելի պարզաբանում տարածեց, թե Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով։

Ամենաբարձր ռեյտինգ ունեցող թեկնածուի նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ փորձում են բոլոր ընդդիմադիր թեկնածուների, նրանց կողմնակիցների վախը բռնել»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։

Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմերին կանչել են կոմիտե եւ հայտնել են նախաքննության ավարտի մասին. այժմ գործը Գլխավոր դատախազությունում է, որպեսզի դատախազությունը մեղադրականը հաստատի եւ այն ուղարկի դատարան։

Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։

Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս»: