Օձի խայթոցից հետո աղջիկը հրաշքով ողջ է մնացել և ծննդյան տարեդարձը նշել հիվանդանոցում

Օձի խայթոցից հետո աղջիկը հրաշքով ողջ է մնացել և ծննդյան տարեդարձը նշել հիվանդանոցում

ԱՄՆ-ից 21-ամյա Սիերա Լիննը հրաշքով է ողջ մնացել թունավոր օձի խայթոցից հետո, սակայն ստիպված է եղել ծննդյան տարեդարձը նշել բժշկական հաստատությունում։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։

Աղջիկն ընկերուհու հետ զբոսնելիս է եղել Ֆլորիդայի Նորթ Պորտ քաղաքի այգում, երբ հանկարծ կարծել է, թե ոտքը հարվածել է ճյուղին։ Լինն իջեցրել է աչքերը և հասկացել, որ իր ոտքից կծել է Crotalus adamanteus–ը՝ թունավոր օձ, որը տարածված է ԱՄՆ-ի հարավ-արևելքում։ Աղջիկներն անմիջապես վազել են մեքենաների մոտ՝ հիվանդանոց գնալու համար, սակայն ընդամենը մի քանի րոպե անց Լիննի մոտ սկսվել է անաֆիլակտիկ շոկ և նա կորցրել է գիտակցությունը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածին հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոցում բժիշկները Լիննին հակաթույն են ներարկել։  «Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես բժիշկները ընտանիքի բոլոր անդամներին կանչեցին Լիննի սենյակ։ Նրանք մի տեսակ ակնարկեցին, որ մենք պետք է հրաժեշտ տանք նրան», - հիշել է աղջկա ընկերը՝ Դերիկ Հանթերը:

Չնայած բժիշկների մտավախություններին, հաջորդ առավոտյան տուժածն արթնացել է։  «Դա անհավանական էր։ Դա իսկական հրաշք է»,- ասել է Հանթերը։

Աղջիկը դեռ հիվանդանոցում է։ Նա հինգ արյան փոխներարկում և երեք պրոցեդուրա է անցել, որոնց ընթացքում բժիշկները հեռացրել են վարակված մաշկը: Մոտ ժամանակներս բժիշկները Լիննին եւս մի քանի վիրահատություն կկատարեն, իսկ հետո նա վերականգնողական կուրս կանցնի։ Դրանից հետո աղջիկը նորից կկարողանա քայլել։

Օձը Լիննին կծել է ծննդյան տարեդարձից մի քանի օր առաջ, ուստի աղջիկը տոնը նշել է հիվանդանոցում ընտանիքի և ընկերների հետ։