Ջրի մակարդակն իջնելուն պես մարդիկ հասկանում են՝ ինչ ունեին աղետից առաջ և ինչ ունեն հիմա

Ջրի մակարդակն իջնելուն պես մարդիկ հասկանում են՝ ինչ ունեին աղետից առաջ և ինչ ունեն հիմա

Արդեն 6-րդ օրն է, Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է։ Ջրհեղեղի հետևանքով Հայաստանի հյուսիսային մարզերի մի շարք բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ունեզրկվել են։ 

Ջուրը քշել-տարել է բնակելի տներ, անասուններ, ընտանի թռչուններ, այգիներ, տապալել Աղստև և Դեբեդ գետերի վրա կառուցված բնակավայրերը, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն գլխավոր մայրուղուն կապող կամուրջները։ Բազմահարկ շենքերի ու բնակելի տների առաջին հարկերն ամբողջությամբ լցվել են ջրով, այս պահին էլ շուրջ 40 բնակավայրում շարունակում են ապրել ցեխ ու ջրի մեջ։ 

«Վերջապես այսօր Ախթալայում վերականգնվել է խմելու ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Կապ նույնպես ունենք, քանի օր է՝ կտրված էինք արտաքին աշխարհից։ Այսօր նաև հետիոտնային կամուրջ է կառուցվել։ Մեքենաներով շարժն առայժմ հնարավոր չէ կազմակերպել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սասուն Վարդումյանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Ճոճկան, Այրում և Քարկոպ բնակավայրերը շարունակում են մնալ բլոկադայի մեջ։ Իսկ ջրհեղեղից տուժած մյուս բնակավայրերը տեղաշարժն ապահովում են այլընտրանքային հետիոտնային կամրջով։ 

«Բլոկադայի մեջ հայտնված քաղաքացիների համար անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարումը դեռևս կազմակերպվում է ճոպանով»,- ասաց նա։

Աղետի հասցրած վնասները Լոռու և Տավուշի մարզերում օր-օրի ավելի ակնհայտ են դառնում։ 

«Ջրի մակարդակն իջնելուն պես մարդիկ հասկանում են՝ ինչ ունեին աղետից առաջ և ինչ ունեն հիմա։ Այս պահին էլ մենք «Սանահինի կայարան» թաղամասի հակառակ կողմում ենք ու գետի մյուս ափին գտնվող մարդկանց օգնում ենք ինչով կարող ենք»,- մեզ հետ զրույցում նշեց կամավոր երիտասարդներից մեկը՝ Արայիկ Գաբրիելյանը, ով հայրենակիցներին օգնելու նպատակով Վանաձորից հասել է Ալավերդի։  

Մեր զրուցակիցներն ասում են, որ այսօրվանից աղետի գոտում իրավիճակն արդեն վերահսկելի է դարձել։ Քաղաքներում ու գյուղերում մեծից փոքր լծված են մաքրման ու սոցիալական աշխատանքներին։

Հունան Թադևոսյան