Ու բոլորն ուրացան նախագահներին, նույնիսկ նրանք, որոնց ժամանակին ձեռք էին մեկնել Բաքվի պատանդները

Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներն ինչպես նախորդ ամիսներին, օգոստոսին ևս տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին, որոնց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Այս մասին MediaHub-ին փոխանցել են պատանդառվածների հարազատները՝ նշելով, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունը հնարավորություն է ընձեռել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
«Պահման պայմանների և առողջական վիճակի մասին տեղեկատվություն ստանում ենք պարբերաբար։ Սակայն, մեկ բան է ասել, մեկ այլ բան է տեսնել։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն, իրենք գտնվում են թշնամի երկրում գերության մեջ, ուստի ունեն խոսքի ազատության սահմանափակում։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այնտեղ ինչպիսի պայմաններում են պահվում, և կամ իրականում ի՞նչ առողջական խնդիրներ ունեն։ Բոլորի տեքստերը նույն բովանդակությունն ունեն․ «լավ ենք, ամեն ինչ կարգին է, առողջական հարցեր չունենք, պարբերաբար ստուգումներ ենք անցնում, դուք ձեզ լավ նայեք, տեսնենք՝ հետո ինչ կլինի». այսքանը»,- մեզ հետ զրույցում ասաց Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարներից մեկի եղբայրը։
MediaHub-ի զրուցակիցն իր մտահոգությունը հայտնեց, որ թե՛ պետությունը և թե՛ ժողովուրդը միասնական պահանջ չեն ներկայացնում գերիների վերադարձի թեման թեժ պահելու համար։
«Մենք սիրում ենք մեղադրել միմյանց, մեկս մեկի «աչքը մտցնել» թույլ տրված սխալները։ Բայց, մեր տասնյակ քաղաքացիների Բաքվում գտնվելը բոլորիս ամոթն է։ Մեր ժողովուրդն ուրացավ նախագահներին, նույնիսկ նրանք, որոնց ժամանակին ձեռք են մեկնել, ցանկացած հարցով աջակցել են Արցախի ղեկավարները։ Տեղահանությունից հետո սկսել են մեղադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, հետո սոցիալական հարթակներում հրճվում են, ուրախանում, որ այնտեղ են»,- հավելեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ միասնական պահանջատիրությունը, միմյանց հանդեպ հանդուրժողականությունը գուցե ինչ-որ տեղ շատ հարցերի լուծում կտա։
Հունան Թադևոսյան