Բոլորս ենք դատապարտված զոհվելու, եթե Փաշինյանն ու Պապիկյանը մնան․ Վրթանեսյան

Բոլորս ենք դատապարտված զոհվելու, եթե այս մարդիկ մնան։ Այդ մասին այսօր Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհը դժբախտ պատահար չէ։ 

«Սա սպասելի էր, նորանոր այսպիսի ողբերգություններ, ցավոք, սպասելի են։ Հիմա, երբ ասում են՝ դե ինչ անենք, մարդ չկա, մասնագետ չկա։ Իրականում 20 հազարից ավելի սպա կա, որ այս պահին բանակում չէ»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը պետք է հեռանա, և նրանից հետո ով էլ գա, նախ պետք է բանակը վերազինի. դա է անվտանգության ապահովման հիմքը։

«Մենք պարտավորություններ ունենք պետության առջև, իսկ պետությունը պետք է մեր անվտանգությունը պահի։ Իսկ այս իշխանությունը տապալել է մեր անվտանգության ապահովումը։

Մենք, լինելով ՀՀ քաղաքացիներ, չենք կարող ազատ քայլել ՀՀ տարածքում։ Մտածում ենք՝ բա որ այս ճանապարհով գնանք, ի՞նչ կլինի։ Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հրաժարականը»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։