ՆԱՏՕ-ն անցկացնում է ամենամեծ ՀՕՊ զորավարժությունները՝ «Ռամշտայնի ժառանգությունը»

ՆԱՏՕ-ն իրականացնում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի փորձարկման՝ պատմության մեջ ամենամեծ զորավարժությունները. այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով բրիտանական Times թերթին։ Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ընդգրկել նաև այլ տարածքներ:
«Ռամշտայնի ժառանգություն» անվանումը կրող զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի շուրջ 3000 զինվորական՝ 17 դաշնակից երկրից։ Զորավարժություններն անցկացվում են Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ինքնաթիռների, հակահրթիռային պաշտպանության համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի օգտագործմամբ։
Եվրոպական ռազմաբազաներից զորավարժություններին մասնակցելու է եկել 50 կործանիչ և այլ մարտական ինքնաթիռներ։
Միևնույն ժամանակ Իսլանդիայում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը Ռեյկյավիկում ելույթի ժամանակ հայտնել է, որ հարկավոր է պատրաստ լինել վատագույն սցենարին, և չի կարելի բացառել ՆԱՏՕ-ի երկրների դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի սպառնալիքը։