Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել․ չէինք ուզում, հանգամանքները բերեցին դրան․ Տեր-Պետրոսյան

Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել․ չէինք ուզում, հանգամանքները բերեցին դրան․ Տեր-Պետրոսյան

Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր, բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի` պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ իրական տեղեկատվությանը միայն Նիկոլ Փաշինյանն է տիրապետում։

«Չեմ վախենա ասել՝ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, միասին ենք ընտրում այն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում, ես պատրաստ եմ դրան. պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար, սա է»,-ասաց նա և հավելեց, որ սրան հասնելու համար բացարձակ անկեղծություն է պահանջվում։

 «Գիտեմ, շատ մարդիկ կան, որ իրենց թվում է՝ Փաշինյանից ազատվեն, իրենք նախագահ կդառնան, հայտնի դեմքերից բացի, ամեն օրը մեկը մի տրիբունա է տեղադրում, իրեն երևակայում է որպես Հայաստանի հաջորդ ղեկավար»,-հեգնեց նա։ Սակայն, «եթե շարունակեն այս ներքին խռովությունները, որտեղ ամեն մարդ իրեն նախագահ է տեսնում, ապա ավելի վատ է լինելու, Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվելու»:

Նախկին նախագահի խոսքով՝ աշխարհում չկա մի երկիր, որ հարևան երկրի հետ հաշտության չի գնացել։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ սա ոչ թե հաշտություն, այլ կապիտուլյացիա է, վերջինս արձագանքեց․

«Այո, մեզնից ավելի հզոր երկրներ են կապիտուլյացիայի ենթարկվել։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել:

Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»։

Տեր-Պետրոսյանը կրկնեց՝ ինքը չգիտի, և ոչ ոք չգիտի, բացի Նիկոլ Փաշինյանից, թե ինչ է բանակցվում, ինչ են Հայաստանից ուզում: Կա մի հարց, որ իր համար հստակ է.

«Ինձ համար հստակ է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը՝ դա մի օր լինելու: Իսկ միջանցքի մասին ո՞վ կարող է ասել: Գուցե այն մարդիկ, որոնք տիրապետում են ինֆորմացիային, բայց ես չգիտեմ»,- ասաց նա:

Նախկին նախագահը հավելեց՝ եկել է հազարապատիկ լրջանալու պահը: