Դինամիկներ են բերել գյուղ, այդտեղից են մարդիկ հասկացել, որ Փաշինյանը գալիս է․ Դանիելյան

Դինամիկներ են բերել գյուղ, այդտեղից են մարդիկ հասկացել, որ Փաշինյանը գալիս է․ Դանիելյան

Դինամիկները տարել են Ոսկեպարի մշակույթի տուն ու այդտեղից են բնակիչներն իմացել, որ Փաշինյանն այցելելու է իրենց։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ էլ է Փաշինյանն անսպասելի ձևով գալիս Ոսկեպար, որ բնակիչները տեղյակ չլինեն, ու ինքն իր ուզած մարդկանց ներկայությամբ «հերթական շոուն» իրականացնի։

«Գյուղի գործերը սկսվել են, մարդիկ իրենց առօրյա հարցերով են, հիմա նրանք, ովքեր ասելիք ունեն, ընդդիմանալու բաներ ունեն, գուցե տեղյակ էլ չլինեն, որ Փաշինյանն իրենց մոտ է գնալու»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ ցույց տրվի, թե Փաշինյանը գնում է բնակիչների հետ երկխոսության, բայց ստացվում է այնպես, որ էլի բեմադրություն է արվում։

«Մարդիկ տեղյակ չէին, որ գալու է, էլի եմ կրկնում՝ գյուղում եղած շարժից են հասկացել»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Այնուամենայնիվ, նա վստահեցրեց՝ գյուղի բնակիչները շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը, այսինքն՝ նրանց մոտ որևէ բան չի փոխվել ու զիջումների քաղաքականությունը նրանց համար ընդունելի չէ։

«Ես երկու օր առաջ եմ եղել Ոսկեպարում, մարդիկ իրենց բռնած գծով գնում են։ Հիմա մնում է սպասել հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է ասում և ինչ է առաջարկում գյուղի բնակիչներին»,- ամփոփեց խոսքը Գառնիկ Դանիելյանը։

Նարե Գնունի