Վարդանյանին օգնել եմ, Ներսիսյանին էլ կօգնեմ․ Սամվել Բաբայան

Վարդանյանին օգնել եմ, Ներսիսյանին էլ կօգնեմ․ Սամվել Բաբայան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագախ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատել է պետնախարարի պաշտոնից՝ «պետության դիմադրողականությունը չսպառելու համար»։

Հարությունյանը հայտնել է, որ առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները:

«Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը»,-ասել է նախագահը։

MediaHub-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նշեց, որ բոլորը պետք է օգնեն Գուրգեն Ներսիսյանին, որպեսզի այն, ինչ չի հասցրել անել Վարդանյանը՝ վերջինս իրագործի։

«Ես օգնել եմ Վարդանյանին, ուրախ կլինեմ, որ Ներսիսյանին էլ օգնեմ, եթե իմ օգնության կարիքը զգա։ Թե ինչքանով կհաջողի նա՝ կառուցվածքայինից մինչև ծրագրային, չեմ կարող ասել»,-ասաց Բաբայանը։ 

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը MediaHub-ին քիչ առաջ ասել է, որ նպաստելու է, որպեսզի Սամվել Բաբայանը նշանակվի պետնախարարի պաշտոնին։ Բաբայանն արձագանքեց՝ առիթ ունեցել է հայտարարելու, որ ցանկացած ժամանակ պատրաստ է ծառայել երկրին։

«Ասել եմ՝ եթե 100 օր տան, ու հոյակապ չկատարենք մեր առաջ ծառացած խնդիրները, ապա սուս-փուս կհեռանանք»,- շեշտեց նա։ 

Փաստացի, Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը որոշվեց և իրագործվեց Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հայտարարությունից անմիջապես հետո։

«Մենք Ղարաբաղում բնակվող հայերի հետ պատրաստ ենք խոսել, սակայն ոչ Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ»,- Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերով պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր Ալիևը։

Հարցին, արդյո՞ք չի ստացվում, որ Արցախի նախագահը Ալիևի «ջրաղացին ջուր է լցնում», վերջինս արձագանքեց․

«Իրականում, ես հարցն այդպես չէի ձևակերպի: Ակնհայտ է, որ Վարդանյանին դիտարկում են որպես ՌԴ-ի ներկայացուցիչ, պետք է մեկ քայլ հետ անել և ժողովրդին հարվածի տակ չդնել, ինչպես, օրինակ, ես արեցի 1999 թվականին։ Եթե Վարդանյանին Բաքուն համարում է Ռուսաստանի մարդ, հնարավորություն չի ստեղծում, որ աշխատի, որից ամբողջ ժողովուրդն է տուժում, ապա, այո, պետք է հետ կանգներ։ Հիմա այս հարցին տարբեր երանգներ կտան և տալիս են, ասում են՝ հիմա Արցախը կմիացնեն թուրքերին, թուրքին միացողները 20 տարի ղեկավարել են այստեղ, թուրքին այդ ժամանակ են միացել, հիմա էլ մի մասն այդ ձեռագրով է առաջնորդվում։ Խորհուրդ եմ տալիս այդ մոտեցումներից ոչ մեկին ուշադրություն չդարձնել, մեզ ոչ ոք թուրքին չի միացնում, այլ ճիշտ հակառակը՝ ստեղծված իրավիճակում ճիշտ ելք են փորձում գտնել։ Սա է իմ մոտեցումը ու ես ամեն քայլի պատրաստ եմ հանուն Արցախի»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Լիաննա Թորոսյան