Ընտրական առաջին փուլում Մակրոնի կոալիցիան առաջ է անցել Մելանշոնի ձախ միությունից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան խորհրդարանական ընտրությունների առաջին փույլում ստացել է ձայների 25,71 տոկոսը, իսկ Ժան-Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes)՝ 25,61 տոկոսը. այդ մասին են վկայում Ֆրանսիայի ՆԳՆ տվյալները՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո, փոխանցում է RIA Novosti-ն:
Երկրորդ փուլ դուրս գալու համար ուժը պետք է հավաքի իր շրջանում գրանցված ընտրողների առնվազն 12.5 տոկոս ձայն:
Երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին: Հաղթանակի համար բավարար է ձայների պարզ մեծամասնություն հավաքելը: Արդյունքում կընտրվեն Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) 577 պատգամավորներ՝ 5 տարի ժամկետով:
Ընտրություններին մասնակցում է նախագահական «Միասին» կոալիցիան (Ensemble!), որը միավորում է Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» (նախկինում կոչվել է «Առաջ, հանրապետություն») կուսակցությունը, կենտրոնամետ «Ժողովրդական շարժումը» և աջ կենտրոնամետ «Հորիզոններ» և «Գործել» կուսակցությունները:
Խորհրդարանում տեղերի համար պայքարում է նաև ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes), որի մեջ մտնում է Ժան Լյուկ Մելանշոնի «Աննվաճ Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը:
Քվեարկությանը մասնակցել են նաև ծայրահեղ աջ կուսակցությունները՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» և Էրիկ Զեմմուրի «Վերանվաճումը»: