Բանկոմատներում գումար չկա, մարդիկ փող չունեն

Բանկոմատներում գումար չկա, մարդիկ փող չունեն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը լուրջ խնդիրներ է առաջացրել արցախցիների համար:

Բնականոն կյանքն ամբողջովին խաթարվել է: Բացի այն, որ արցախցիների տեղաշարժն է սահմանափակվել և նրանք չեն կարող հանրապետությունը լքել, այդ թվում և բուժման կամ այլ հրատապ նպատակներով, երեկվանից էլ գազամատակարարումն է Ադրբեջանը կտրել, արցախցիները կանխիկ գումարի խնդիր ունեն:

MediaHub-ի հետ զրույցում Մարտակերտի բնակիչներից մեկն ասաց, որ մարդկանց մոտ այլևս փող չկա, որովհետև բանկոմատներում է գումարը վերջացել.

«Ինչ կանխիկ ունեինք՝ ծախսել ենք, բանկոմատներում էլ գումարը վերջացել է, քանի որ մինչև Լաչինի միջանցք փակելը ոչ աշխատանքային օրեր էին: Մարդիկ փող ունեն իրենց քարտերի վրա, բայց չեն կարողանում այն օգտագործել»,- ասաց նա՝ նշելով, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը, բայց խուճապի չեն մատնվում:

Մեկ այլ խնդիր է նաև սննդամթերքի հարցը, մասնավորապես՝ կաթնամթերքի: Ըստ մեր զրուցակցի, Արցախը թեև սեփական արտադրությունն էլ ունի, բայց կաթնամթերք ստանում է հիմնականում Հայաստանից: Բայց հիմա տեղական արտադրությունը կանգ է առել՝ գազամատակարարման դադարեցման պատճառով: