Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից, Փարսյանի եղբորը ձերբակալել են. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է` իր անվայել պահվածքով։
Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է․ «Ով ձեզ կասի, որ ձեր հացն արյունով եք ուտում, գլուխը պատին կտա»: Իրենց ղեկավարի խոսքից ոգեւորված՝ ոստիկաններն էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Սրբազանի հասցեին:
Ոստիկանապետի լկտիությունը սրանով չի ավարտվել, երբ Սրբազանն ու նրան ուղեկցողներն իրենից առաջ են անցել, կողքինների համար լսելի ձայնով նետել է․ «Գնա, այ համբալ»։ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը: Արձանագրենք, որ մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։
ՔՊ-ում հակված են այդ պաշտոնում նշանակելու իշխանական պատգամավորի, եւ կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի անունները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հերիքնազ Տիգրանյանը եւ Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր եւ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլեւս չդիտարկել իրենց թեկնածությունները։
Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը եւս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հեռանալուց հետո եւս ՔՊ-ում իրարանցում էր, խմբակցության պատգամավորները չէին ցանկանում գնալ գործադիր եւ աշխատել այնտեղ։ Վերջում Գեւորգ Պապոյանն ինքն էլ մասնավոր զրույցներում խոստովանում էր, որ ստիպված է ընդունել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենց կոմֆորտ են զգում օրենսդիրում եւ խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա առերեսումներից, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե Փաշինյանի անկայուն ու փոփոխական բնավորության պատճառով որքան բարդ է նրա հետ աշխատելը»։
«Հրապարակը» գրում է․
Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հարցաքննության է կանչվել Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը` Հովիկ Փարսյանը, որը, ըստ քննիչների, այդ բուհի սան լինելով, չի հաճախել դասերի, բայց հայտնի միջոցներով գնահատականներ է ստացել: Գեւորգ Փարսյանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հերքեց դա՝ վստահեցնելով, որ եղբայրը նորմալ հաճախում է։ Հարցաքննության է կանչվել նաեւ ուսանող Վահե Պետրոսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է, Կապանում հայտնի է որպես Սոկոյի Վահե` շինարարական բիզնեսով է զբաղվում։
Ի դեպ, երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին, սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ։ Լեռնիկ Պետրոսյանն անցած շաբաթ օրվանից է կալանավորված, նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու եւ պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։