Անդրանիկ Փիլոյանն իր մեղադրանքը չի ընդունում․ փաստաբան

Անդրանիկ Փիլոյանն իր մեղադրանքը չի ընդունում։ Դատավարությունից ապացույցների քննարկում, հետազոտում ենք ակնկալում, մենք էլ մեր հերթին հիմնավորելու ենք, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ աղերս չունի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք: Մասնավորապես ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է 2022-ին՝ իր պաշտոնավարման ընթացքում որպես կաշառք 1 մլն դրամ, ոսկու ձուլակտոր ստանալու մեջ։
«Մարդիկ կենդանի են, մարդիկ ցուցմունքներ են տալիս։ Բավականին շատ մեղադրյալներ կան այս գործով, որոնց մեծ մասն իրականում առնչություն չունի Փիլոյանի հետ։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նյութերը ներկայացվել են ծանոթացման, հավանաբար առաջիկա օրերին գործը կգնա դատարան»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չի կարող։
Լիաննա Թորոսյան