Հայաստանում կյանքիս վտանգ էր սպառնում, քաղաքական ապաստան եմ խնդրել․ Նարինե Հայրապետյան

Հայաստանում կյանքիս վտանգ էր սպառնում, քաղաքական ապաստան եմ խնդրել: Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Հայրապետյանը հայտնել է, որ հեռացել է ՀՀ-ից՝ «իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով»։
Նա նշել է, որ քաղաքական ապաստան է խնդրել, և մնալու է արտերկրում այնքան ժամանակ, մինչ հասկանա, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Նարինե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ ստացվել էր հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։