Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Ինչպեսեւ ակնկալվում էր՝ իշխանությունը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծեր։ Այսօր նշանակված ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների «վախերի մասին» վկայող նախագիծը։ Դրանով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից եւ կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի եւ նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 եւ 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին եւս պետական պահպանություն կտրամադրվի:

«Հրապարակ» թերթը գրում է․

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ՝ առավոտյան, քաղաքապետարանն ապամոնտաժեց Ազգային պատկերասրահին կից գտնվող կրպակը, որտեղ սուրճ, խմորեղեն, պաղպաղակ, հյութեր էին վաճառում։ Ապամոնտաժումն անսպասելի էր արվել, աշխատանքների կեսից եկան կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը։ Սեփականատերը վրդովված էր, վեճ սկսվեց ոստիկանների ու սեփականատիրոջ եւ  փաստաբանի միջեւ: Երբ վեճը սաստկացավ, ոստիկանների հրամանատարը հրաման տվեց։

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին եւ ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր եւ տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, եւս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որեւէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: