Հեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում՝ պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիներն ագրեսիվ էին հայերի նկատմամբ 

Հեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում՝ պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիներն ագրեսիվ էին հայերի նկատմամբ 

«Պատերազմը երբ սկսվեց, ես մեր տանը չէի, գնացել էի Խերխան՝ մորաքրոջս տուն, որ տատիկիս խնամեմ։ Փաստորեն, սեպտեմբերի 17-ը վերջին օրն էր, որ իմ հայրական տանն էի՝ Սոս գյուղում։ Դրանից հետո նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ ո՛չ հորս, ո՛չ էլ եղբորս գերեզմաններին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 18-ամյա Ելենան։ 

Նրա եղբայրը՝ Մհեր Հարությունյանը, 44-օրյա պատերազմում Շուշի-Քարին տակ հատվածում մղված թեժ մարտերի ընթացքում է անմահացել, հուղարկավորել են Կարմիր շուկա գյուղում։ Ելենան ասում է, որ հորաքրոջ որդու հետ այնքան մտերիմ են եղել, որ նրա զոհվելու լուրը փշուր-փշուր է արել իր սիրտը․ «Հարազատ քրոջ ու եղբոր պես էինք միմյանց վերաբերվում։ Դա էր պատճառը, որ նրա մահից հետո որոշեցի գիրք գրել իր ու իր պես հերոսաբար ընկած մեր եղբայրների հիշատակին»։ 

Ֆիզուլիի մարտերից հետո Մհերին ու զինակից ընկերներին նոյեմբերին տեղափոխել էին Ստեփանակերտի «ՑՕՐ» զորամաս, այնտեղից տարել Շուշի։ Բերդաքաղաքի ազատագրման համար մարտերը թեժ էին, բարձունքն ամեն կերպ պետք է պաշտպանվեր, որովհետև Շուշին աշխարհագրական դիրքով՝ տանիքն էր Արցախի։ 

«Ադրբեջանցիները կրակել են տղերքի ոտքերին, նրանք առաջ գնալ չեն կարողացել։ Թշնամին շրջափակել է իրենց։ Խմբից միայն մեկ հոգի է տուն զանգել, ասել՝ «այստեղից դուրս եկողը չենք», վիրավոր էին ու «զասադի» մեջ։ Մի քանի օրից զինադադար էր, սպասում էինք, որ ողջ դուրս կբերեն, բայց ոչ միայն այդ հրաշքը չեղավ, այլև սպասեցինք 8 ամիս մինչև նրա մարմինը հասավ մեզ»։

Ելենայի խոսքով՝ նախքան ԴՆԹ հետազոտությամբ եղբոր դիակի նույնականացումը, երազ է տեսել, թե ինչպես է Մհերը ներս մտնում տուն, մյուս ելքով դուրս գալիս։ 

Նրան հուղարկավորել են Կարմիր շուկայում։ «Շուրջ 30 հերոսի տվյալներ եմ հավաքագրել՝ անցած մարտական ուղու, սխրագործությունների ու անհավասար մարտերում զոհվելու մասին։ Նաև կից լուսանկարներ եմ հավաքել։ Դրանք բոլորը մնացին Սոս գյուղի մեր տանը։ Երբ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Խերխանից հասանք Ճարտար, որ այնտեղից Ստեփանակերտ ճանապարհվենք, մտածում էի գոնե տուն կարող եմ մտնել։ Ինձ համար ոչ թե կարևոր էին իմ հագուստներն ու անձնական իրերը, այլև դեռևս լույս չտեսած գրքիս տեղեկությունները, ու մի բան էլ՝ մտնեի գերեզման հորս հրաժեշտ տայի. չհասցրեցի ո՛չ էն, ո՛չ մյուսը»,- արտասվում է մեր զրուցակիցը։ 

Ելենայի հայրը՝ Յուրի Աբրահամյանը, հանկարծամահ է եղել գյուղի դաշտերում, երբ աղջիկը բլոկադայի պայմաններում պատրաստվում էր իր Վերջին զանգի միջոցառմանը։

«Հիվանդություն ուներ, որը շրջափակման ժամանակ ավելի էր սրվել։ Գնաց անտառ, չեկավ, երբ սկսեց զանգերին չպատասխանել, մայրս մեր հարևանի հետ գնացին փնտրելու, բերեցին հորս դիակը։ Դեռ Մհերի ցավին չհարմարված, կյանքն ինձ 2-րդ հարվածը հասցրեց։ Իսկ հիմա, երբ արդեն Արցախն էլ չկա, իմ հարազատների գերեզմաններն էլ մեզ անհասանելի են, ես ինձ առանց ինքնություն մարդ եմ համարում»։ 

Ելենան սեպտեմբերի 27-ին է հասել Հայաստան։ Այստեղ էլ հանդիպել է մորն ու եղբորը։ Իրար կորցրել էին բռնի տեղահանության ժամանակ, միմյանց հետ կապ էին պահպանում։ 

«Մինչև գտանք իրար, հանդիպեցինք, օրեր տևեցին։ Պարզեցի, որ մայրս էլ ոչինչ չի վերցրել տնից, անգամ հորս նկարը։ Երբ մորաքրոջս ընտանիքի հետ դուրս ենք եկել, Ննգիում ադրբեջանցիները կանգնեցրել են մեր մեքենան ստուգել, նրանք շատ ագրեսիվ էին, իսկ ահա Հակարիի կամրջին՝ արհամարհում էին ու կոպիտ վերաբերվում գաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։ Հեռախոսիս ամբողջ արխիվը ցավոք ջնջեցի, լուրեր էին տարածվում, թե ստուգում են հեռախոսները, իսկ այնտեղ իմ հերոսների տվյալներ էին, չէի ուզում պատմություն սարքեին»

18-ամյա աղջիկը հատկապես երեկոյան ժամերին մտքերով տեղափոխվում է տուն, քայլում մանկության արահետներով, հիշում հարազատ մարդկանց հետ ապրած երջանիկ տարիներն ու վերադառնում անորոշ իրականություն։ Հետո վերցնում է նոթատետրն ու սկսում գրել իր պատմությունը։

Հունան Թադևոսյան