Գազ՝ Արցախի դիմա՞ց. օկուպացված Շուշիում Ալիևի սպառնալիքների բանալին գտնվեց

Գազ՝ Արցախի դիմա՞ց. օկուպացված Շուշիում Ալիևի սպառնալիքների բանալին գտնվեց

Նախօրեին հայտնի դարձավ, որ SOCAR-ի հետ նոր պայմանագրի համաձայն «Գազպրոմ»-ը սկսել գազ մատակարարել Ադրբեջան։ Ըստ այդմ, մինչև մարտ նախատեսված մատակարարումների ծավալը կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։

MediaHub-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ այս լուրը «սառը ցնցուղ էր» ու լուրջ մտահոգվելու տեղիք է տվել հանրապետությունում: Եթե վերջին շրջանում, նշեց նա, Արցախում մի տեսակ հանգստություն կար Ռուսաստանի՝ իրենց հանդեպ ունեցած վերաբերմունքի մասով, պարզ ասած՝ այստեղ վստահ էին, որ Ռուսաստանը «մինչև վերջ տեր կկանգնի իրենց», ապա նման զարգացումները կասկածի տակ են դնում այդ վստահությունը:

«Ավելին, հիմա անգամ մտավախություն կա, որ Ալիևի բոցաշունչ ելույթը Շուշիում ռուս խաղաղապահների Արցախում մնալու մանդատի մասով այնքան էլ օդում դատարկ կրակել չէր ու հիմքեր ուներ: Ի վերջո, հասկանալի է, չէ՞, որ նման պայմանագրերը մեկ օրում չեն ծնվում, դրանց շուրջ բանակցությունները տևում են ամիսներ, եթե չասենք՝ տարիներ, ու ստացվում է, որ Ալիևի ոտքերի տակ հողը բավականին ամուր էր, երբ նա վստահ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները Արցախից կհեռանան ու հայերը թող զուր հույսեր չկապեն նրանց հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, Ալիևը օկուպացված Շուշիում, մասնավորապես, հայտարարել էր.

«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավորապես են տեղակայված։ Նրանց տեղակայման ժամկետը հստակ նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում, և եթե նրանք (հայերը) որևէ մեկի հետ դեռ հույս են կապում, ապա միևնույն է, նոր ողբերգության կբախվեն»։

Իսկ մինչ այդ ելույթը, հիշեցրեց մեր զրուցակիցը, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից արված առաջարկը՝ ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու մասին, չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային.

«Փաշինյանն այստեղ ասում է, որ հարցն այսպես, թե այնպես օրակարգային էր, բայց գուցե հենց այստեղ է թաքնված շան գլուխը՝ օրակարագային է ռուս-ադրբեջանական բանակցություններում, և այդ հարցը լուծվեց ահա այսպես՝ գազ ռուս խաղաղապահների Արցախից դուրս բերման դիմաց: Հաշվի առնելով, թե ինչ վիճակում է այսօր Ռուսաստանը, բացառել, որ Մոսկվան համաձայնել է Բաքվի ռեժիմի հետ գնալ այս գործարքին ամենևին էլ պետք չէ»,- շեշտեց MediaHub-ի զրուցակիցը:

Եվ մեկ բան էլ. տևական ժամանակ է Արցախում հույսեր էին փայփայում, որ մի օր, իսկապես, արցախցին կունենա ՌԴ անձնագիր, և դրանով Արցախից մնացած հատվածի հայկական մնալու և հայ բնակչության չբնաջնջվելու հարցը կլուծվի: Բայց հիմա այս հույսն էլ է մարում.

«Երբ առաջարկվեց օրենսդրորեն երկքաղաքացիության հարց լուծել արցախցիների համար, շատերը սրա տակ տեսան մոտ ապագայում ՌԴ անձնագիր ստանալու հեռանկարը: Անկախ բոլոր մեկնաբանություններից, որ այս հարցի հետ կապված հնչում են, կա մեկ պարզ գիտակցում՝ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ և այդ մասին ՀՀ գործող իշխանությունները չեն էլ թաքցնում ու բաց հայտարարում են: Ադրբեջանի կազմում հայտնվելը նշանակում է հայերի ցեղասպանություն, հայկական հետքի վերացում, ընդ որում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և Արցախի վերջնական կորուստ: Հետևաբար, ՌԴ հետ ապագան միակ փոքր հույսն էր, որ Արցախից մնացած հատվածը հնարավոր է պահել, մինչև մի օր, հուսանք, Հայաստանում իրողություններ կփոխվեին ու Արցախը հայկական պահելու հարցը կվերադառնար օրակարգ ու նորից կդառնար առաջնահերթություն ՀՀ իշխանության համար: Հիմա այլևս մարդ չգիտի ինչին հավատա, հույսն էլ մարում է»,- հավելեց նա:

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ մինչև ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի լրանալը, այսինքն առաջիկա երկու տարիներին, դեռ հնարավոր կլինի այս հարցը հօգուտ Հայաստանի ու Արցախի լուծել: Եվ դա մեծապես կախված է Ուկրաինայում զարգացումներից, թե արդյոք կկարողանա Ռուսաստանը մեջքն ուղղել ու ուժեղ դուրս գալ այդ իրավիճակից:

Լիա Խոջոյան