Թուրք լրագրողներն ու պաշտոնյաները Հայաստան կգան

Թուրք լրագրողներն ու պաշտոնյաները Հայաստան կգան

Մարտի 25-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում կընդունի Թուրքիայի հավաքականին: 

Դժվար չէ կռահել, թե ինչ պատկեր կստացվեր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, եթե թուրք երկրպագուները Հայաստան գային՝ խաղը դիտելու։ Ամեն դեպքում, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է թույլ չտալ թուրք երկրպագուներին մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը ներկա գտնվել։ 

Սակայն արդյոք սա կարող է երաշխավորել, որ հանդիպմանը մարզադաշտում թուրք երկրպագուներ կամ հյուրեր չլինեն: Պարզվեց՝ ոչ:

Հանդիպմանը Թուրքիայից լրագրողներ ու պաշտոնյաններ են ներկա լինելու։ MediaHub-ին սպորտային թուրք լրագրող Վահապ Օզդեմիրը հայտնեց, որ լրագրողների թվի մասին այս պահին հստակ տեղեկություն չկա։ 

«Երևան են գնալու սահմանափակ թվով լրագրողներ ու պաշտոնյաներ։ Թուրքիայի հավաքականի կազմը դեռ հայտնի չէ»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ որակավորման փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի դարձան նախորդ տարի՝ հոկտեմբերին: Հայաստան-Թուրքիա խաղը, ի տարբերություն մյուս հանդիպումների, հետաքրքրում է բոլոր հայերին և նաև սա է պատճառը, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Սա, բնականաբար, երկրպագուների շրջանում զայրույթ է առաջացրել, բայց պետք է հասկանալ, որ նման կարևոր խաղից առաջ շատ կարևոր է միասնական լինելն ու հավաքականի տղաներին աջակցելը։

Լիաննա Թորոսյան