Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նաժկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որի հայրը՝ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։ Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը արդեն տանն է:
«Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:
Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- գրել է Խաչատուր Քոքոբելյանը: